Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եկեղեցու հովվին ծեծած Արկադի Փելեշյանին ստորագրությամբ բաց են թողել. հարուցվել է քրեական գործ

21:00, չորեքշաբթի, 05 հոկտեմբերի, 2016 թ.
Եկեղեցու հովվին ծեծած Արկադի Փելեշյանին ստորագրությամբ բաց են թողել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում եկեղեցու հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու դեպքի առթիվ։ Վանաձոր քաղաքի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանը գրավոր հաղորդում է ներկայացրել առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին`ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածուն, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին չքվեարկելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։ Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը որոշում է կայացվել Ռաֆայել Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին և նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հանձնարարություններ տրվել հետաքննության մարմնին: Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածու Ա.Փելեշյանի նկատմամբ՝ որպես կասկածյալի, խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ:
     Նախաքննությունը շարունակվում է:

4675 | 4
Facebook