Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեռական փոքրամասնությունները Հայաստանում

13:00, կիրակի, 22 ապրիլի, 2012 թ.
Սեռական փոքրամասնությունները Հայաստանում

Նույնասեռականությունն ամենաարդիական խնդիրներից մեկն է ամբողջ աշխարհում: Սեռական փոքրամասնությունների հանդեպ որոշ դեպքերում լինում է դրական վերաբերմունք, նույնիսկ` խրախուսման և նմանակման բացահայտ օրինակներ, մյուս կողմից գրանցվում է խտրականություն, նվաստացում և բռնությունների կիրառում:

''Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք'' ՀԿ-ն հետազոտություններ է կատարել Հայաստանում ԼԳԲՏ` լեսբուհի (կին նույնասեռական), գեյ (տղամարդ նույնասեռական), բիսեքսուալ (երկսեռական), տրանսգենդեր (գենդերափոխ) անձանց նկատմամբ հանրային վերաբերմունքի ուղղությամբ և նրանց իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչպես նաև տրամադրում է իրավաբանական, խորհրդատվական և այլ տեսակի աջակցություն:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԼԳԲՏ անձանց հանդեպ խտրականությունը սկսվում է ընտանիքից, ընդհուպ մինչև նրանցից հրաժարվելը և շարունակվում կյանքի բոլոր փուլերում: Ըստ հարցվածների` Հայաստանում լինում են ԼԳԲՏ անձանց բռնաբարության և սպանության դեպքեր: Կազմակերպության տնօրեն Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ Երևան, Գյումրի, Վանաձոր քաղաքներում անցկացված հարցումների համաձայն, ազգաբնակչության 75%-ը հոմոֆոբ է, այսինքն` վախ ունի նույնասեռականներից, իսկ ցանկացած հարցում վախը ձևավորվում է անտեղյակությունից: ''Եթե հասարակությանը հասանելի լինի, թե ինչ է սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը, կհասկանա, որ տվյալ դեպքում անձին սպառնացող ոչինչ չկա: Ինչ վերաբերում է տարբեր տեսակի սեռական ոտնձգություններին, պղծություններին, բռնարար կամ մանկապիղծ կարող է լինել ինչպես նույնասեռականը, այնպես էլ տարասեռականը'': -Իսկ կարո՞ղ է արդյոք նույնասեռականության ''նորաձև'' լինելը նպաստել սեռական փոքրամասնությունների աճին: ''Ցանկացած նորաձև համարվող երևույթ կարող է ազդել անձի վարքի դրսևորման վրա: Իսկ այս հարցում պետք է տարբերել սեռական կողմորոշումը և սեռական վարքագիծը: Կողմորոշումը ոչ տարածվում է, ոչ էլ փոխվում'':
     -Կարո՞ղ է նույնասեռականությունն անդրադառնալ մարդկային, հոգեկան, մտավոր և այլ հատկանիշների վրա: ''Ցանկացած մարդ պետք է ընկալվի իր մարդկային արժեքներով: Նույնասեռականների մասին կան դրական և բացասական կարծրատիպեր, որոնք ոչ միշտ են համապատասխանում իրականությանը, օրինակ` որ բոլոր գեյ տղաները գեղեցիկ են, հարուստ, որ ստեղծագործ և ինտելեկտուալ անհատներ են: Մեկ այլ կարծրատիպ է, որ գեյերն այն տղաներն են, ովքեր հագնում են աղջկա շորեր և այդ տեսքով հաճախում հանրային վայրեր, այգիներ: Նախ պետք է տարբերակել, որ վերջինները տրանսվիստիտներ են: Սակայն դա անձի գենդերային ինքնությունն է և կարող են լինել ինչպես նույնասեռական, այնպես էլ տարասեռական'':
     ԼԳԲՏ անձանց թե մեծարումը, թե խտրականությունն ու նվաստացումները ծայրահեղություններ են, երկուսն էլ` սխալ և անընդունելի:

23562 | 113
Facebook