Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուզում եմ թոռնուհի ունենալ ու անունը կնոջս պատվին Ռուզաննա դնել». Հարութ Փամբուկչյան

22:40, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
«Ուզում եմ թոռնուհի ունենալ ու անունը կնոջս պատվին Ռուզաննա դնել». Հարութ Փամբուկչյան
     «Տարիներ», «Անցիր, ա՛յ գետակ», «Օ՜, քամի-քամի» այս և շատ այլ երգերի կատարմամբ, ջերմ ու անկեղծ մթնոլորտում էլ այսօր երեկոյան Երևանի «LOFT» ժամանցի կենտրոնում անցավ երկրպագուների և լրագրողների հանդիպումը հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանի (Ձախ Հարութ) հետ:

    
     Կուզեի ավելի ուշ ծնվել և լինել ազատ ու անկախ Հայաստանի զինվոր
    
    
- Ես զավակն եմ զեյթունցի Եսայի Փամբուկչյանի: Ծնվել և մեծացել եմ Երևանում` Նոր Արեշ թաղամասում: 1969 թվականին մեկնել եմ խորհրդային բանակ: Բայց հավատացեք` կուզեի ավելի ուշ ծնվել և լինել ազատ ու անկախ Հայաստանի զինվոր: Մասնագիտությամբ նկարիչ-քանդակագործ եմ: Մորս հետ 1975 թվականին մեկնել ենք Լիբանան, այնուհետև մեկ տարի անց` Միացյալ Նահանգներ և ահա արդեն 40 տարի է` բնակվում եմ Լոս Անջելեսում:

     Ուզում եմ թոռնուհի ունենալ և անունը դնել Ռուզաննա
    
    
- Սրանից 3 տարի առաջ կորցրեցի կնոջս, բայց ունեմ տղա, ով արդեն 38 տարեկան է: Ժամանակին ասում էի, եթե ինձ պապիկ դարձնես, քեզ կխեղդեմ, բայց հիմա խնդրում եմ իրեն, որ ինձ պապիկ դարձնի: Տղամարդիկ ընդհանրապես ուզում են տղա թոռնիկ ունենալ, ես ընդհակառակն` ուզում եմ թոռնուհի ունենալ և անունը դնել Ռուզաննա:

    
     Սկզբում ամաչում էի, որ ձախ ձեռքով եմ կիթառը բռնում
    
    
- Կիթառը վերցրեցի ու ձախ ձեռքով սկսեցի նվագել: Սկզբում ամաչում էի, որ ձախ ձեռքով եմ բռնում, բայց հետո տեսա, որ աշխարհում 2 գիգանտ երաժիշտներ կան, որոնք կիթառը նվագում էին ինձ նման, բայց նրանք, ի տարբերություն ինձ, կիթառի լարերը փոխում էին, իսկ Փամբուկչյանն առանց լարերը փոխելու է նվագում: Հետո տեսա, որ դա ոչ թե ամաչելու, այլ հպարտանալու բան է:

     Հրավերներ լիում են, բայց ընտանեկան խնջույքների համար
    
    
- Հայաստանի երգիչները Լոս Անջելեսից հրավերներ ստանում են, գալիս, երգում են, բայց Հայաստանից հրավերներ լինում են միայն ընտանեկան խնջույքների համար: Շատ կուզեի Անկախության տոնակատարության օրը բեմ դնեին և եթե ինձ ասեին` կերգեի:

    
     Հ1-ի 60-ամյա հոբելյանին հրավիրված էի, բայց...
    
    
Կառավարությունից վիրավորանք կամ սխալ վերաբերմունք չեմ տեսել, միշտ զգացել եմ հարգանքը: Այս անգամ Հ1-ի կողմից հրավիրված եմ եղել 60-ամյա հոբելյանին, բայց չգիտես` ինչեր դուրս եկան և հանկարծ չեղյալ համարվեց այդ երեկոն: Այդ նպատակով եկել, հասել եմ այստեղ, բայց դա չեղավ, սա է իրականությունը:

     Սիրուշոն Հայաստանի քաղցր սիրտն է
    
    
Վերջերս սկսեց մեծանալ հետաքրքրությունն իմ երգերի շուրջ: Երբ տեսնում եմ, որ դիմողը շնորհալի է, համաձայնում եմ: Եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք. Սիրուշոն լավագույն երգչուհիներից մեկն է: ԱՄՆ-ում Ջուլիա Ռոբերթսի համար ասում էին Ամերիկայի քաղցր սիրտն է, չեք կարծո՞ւմ` մեր քաղցր սիրտն էլ Սիրուշոն է` իր երգերով, տաղանդով: Հիմա «Տարիներ» երգը մի 30 տարի էլ Սիրուշոյի հետ կլսենք:


     Նյութը`Վարդուհի Սարգսյանի
     Լուսանկարները` Անի Դարբինյանի

13015 | 2
Facebook