Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Համաներում կհայտարարվի նաև «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների նկատմամբ. «ՀԺ»

10:28, շաբաթ, 01 հոկտեմբերի, 2016 թ.
Համաներում կհայտարարվի նաև «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների նկատմամբ. «ՀԺ»

«Հանրային խորհրդի քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՀԽ-ի ձևավորման առաջին ամիսներից համաներման և ներման առաջարկներ միշտ ստանում են ե՛ւ դատապարտված անձանց հարազատների, և ՀԿ-ների կողմից։

«Բայց վերջին շրջանում հոսքն ու առաջարկությունների ինտենսիվությունը մի քիչ ավելի նկատելի է դարձել հուլիսյան դեպքերի հետ կապված։ Դրանց հետ առնչվող անձանց հարազատների, համախոհների կողմից եղել են առաջարկություններ, որպեսզի մեր կառույցը համաներում հայտարարելու նախաձեռնությամբ հանդես գա։ Բայց գիտեք, որ այդ առանձնաշնորհը հանրապետության նախագահին է, իսկ համաներում հայտարարում է Ազգային ժողովը, մենք այդտեղ ունենք խորհրդատվական ձայնի իրավունք և կարող ենք նման խնդրանքով կամ առաջարկով դիմել և նախագահին, և ցանկացած քաղաքական ատյանի»,– նիստից որոշ մանրամասներ հայտնեց քաղաքացիական հասարակության հանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով դռնփակ նիստում դրական վերաբերմունք եղել է համաներման առաջարկին, բայց դրա հետ մեկտեղ տարաձայնություններ էլ են եղել, թե որ հոդվածի վրա պետք է տարածվի, որի ոչ։ «Դրա համար Հանրային խորհուրդը միասնական փաստաթղթով հանդես չի եկել, բայց քանի որ քննարկումը եղել է, մենք խնդրեցինք, որ այդ քննարկման արդյունքները պարոն Մանուկյանը ներկայացնի քաղաքական ղեկավարությանը»,– ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Մեր հարցին հնչե՞լ են տեսակետներ, որ կարելի է համաներման առաջարկություն ներկայացնել «Սասնա ծռեր» խմբին աջակցելու մեղադրանքով կալանավորված անձանց վրա, նա պատասխանեց. «Քանի որ մենք չեն որոշում հոդվածների խումբը, մենք կարող ենք առաջարկել սոցիալական որոշակի խմբեր, հանցագործությունների տեսակներ։ Ես կարող եմ իմ կարծիքն ասել, քանի որ քննարկումը բաց չի եղել։ Քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, նաև իրավական առումով համաներում հայտարարելու խնդիրը հասունացած է: Իհարկե, հաշվի առել ենք, որ այդ միջոցառումների ժամանակ շատ կալանավորված մարդիկ կան, որոնց նկատմամբ համաներմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն ավելի ճիշտ կլինի, քան այդ խնդիրը ծանրացնելը, հասարակության մեջ որոշակի իմաստով սեպ խրելով»։

ՀԺ-ին հայտնի դարձավ, որ ՀԽ– ում տեղի ունեցած քննարկման ժամանակ նաև առաջարկ է եղել համաներում հայտարարել նաև «Սասնա ծռեր» խմբի այն անդամների նկատմամբ, ովքեր ազատամարտի մասնակիցներ են»,–գրում է թերթը։


     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

7279 | 0
Facebook