Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կլինե՞ս «երկրապահի» անդամ` կօգտվես զեղչից, չես լինի` չես օգտվի». Գագիկ Սարուխանյանը` Նոր Նորքի ԲԿ-ում տիրող բարքերի մասին

17:45, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
«Կլինե՞ս «երկրապահի» անդամ` կօգտվես զեղչից, չես լինի` չես օգտվի». Գագիկ Սարուխանյանը` Նոր Նորքի ԲԿ-ում տիրող բարքերի մասին

Հայրենի մամուլից տեղեկանում ենք, որ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, որը, մինչև նախարար նշանակվելն «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տնօրենն էր, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ցանկացել են սեփական առողջությունն ապահովագրել, ուղղորդել է իրեն պատկանող «Վարդանանց» բուժկենտրոն: Նա ինքն էլ, հարցազրույցներից մեկում չի հերքել այդ փաստը և խոստովանել է, որ ամեն ինչ այնպես են կազմակերպել, որպեսզի մարդիկ նախապատվությունը տան «Վարդանանց» կենտրոնին և ցանկանան այնտեղ բուժում ստանալ:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գագիկ Սարուխանյանն` անդրադառնալով Ալթունյանի քայլին ասաց, որ երկրում նման երևույթները «թայֆայական մտածողության» հետևանք են. «Հարցը նրանում է, որ մեր երկրում «պետություն» հասկացողություն չի ձևավորվել դեռ: Այսինքն` թայֆայական մտածելակերպով, առաջնորդություններով` տարբեր ոլորտներում գործընթացներ են գնում` լինի առևտուրը, առողջապահությունը կամ մեկ ուրիշ բան…: Ես վերջերս պառկած էի Նոր Նորքի ԲԿ-ում և այնտեղ ասացին, եթե դուք մասնակից եք արցախյան պատերազմին, ապա պալատի գումարը չպիտի մուծեք: Ես ներկայացրեցի բոլոր այն թղթերն ինչ-որ ունեի, ասացին` ո´չ, միայն «երկրապահի» թուղթն է պետք: Պատասխանեցի` ինչպե՞ս թե, եթե մարդը տարբեր պատճառներով չի ուզում ինչ-որ կազմակերպության անդամագրվել, ուրեմն նա պատերազմի մասնակից չէ՞: Չէ, որ չէ: Այսինքն` այդ դաշտում էլ է մոնոպոլիա տիրում: Այդ կենտրոնի տնօրենը, որքան գիտեմ, Սերժ Սարգսյանի փեսան է: Ստացվում է` կլինե՞ս «երկրապահի» անդամ`կօգտվես այդ զեղչից, չես լինի` չես օգտվի»,- եզրակացրեց ազատամարտիկը:

Ինչ վերաբերում է կոնկրետ առողջապահության նախարարի քայլին, Սարուխանյանի գնահատմամբ, նրանում ոչ մի արտառոց բան չկա, քանի որ այն «համահունչ է այս բռնատիրական ռեժիմին»: «Քանի դեռ այս կառավարության ձևերը, ոճերը թելադրվում են Կրեմլից, և Սովետական միությունից մնացած այդ կադրային քաղաքականությունն է վարվում, այստեղ ոչ մի լավ բան չի կարող լինել»,- եզրափակեց Գ. Սարուխանյանը:

3276 | 0
Facebook