Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բռնցքամարտը զարգացող օրգանիզմի համար

20:10, ուրբաթ, 30 սեպտեմբերի, 2016 թ.
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ բռնցքամարտը զարգացող օրգանիզմի համար

«Մարդու օրգանիզմի, հատկապես գլխուղեղի զարգացումը, սկսվելով ներարգանդային կյանքում, իր ավարտին է հասնում 20-23 տարեկան հասակում: Այդ ընթացքում ուղեղի վրա ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդած յուրաքանչյուր վնասակար գործոն կարող է բացասաբար անդրադառնալ այդ կարևոր օրգանի բնականոն զարգացման, ուստի և գործունեության վրա»,- զգուշացնում է հոգեթերապևտ Հարություն Մինասյանը:
     «Այդպիսի վնասակար գործոններից են գլխուղեղի փակ վնասումները և դրանց հաճախակի կրկնությունները: Այդ իմաստով վտանգավոր են հատկապես բռնցքամարտի ժամանակ առաջացող գլխուղեղի տարբեր աստիճանի փակ վնասումները, քանի որ ծնոտին, դեմքին, ճակատին, քունքին հասցված ուժեղ հարվածից «նոկաուտ» կամ «նոկդաուն» ստանալու ժամանակ առաջացող մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևող գիտակցության մթագնումը կամ կորուստը իրենից ներկայացնում է որոշակի աստիճանի ուղեղի ցնցում է, որը, որպես կանոն, ուղեկցվում է գլխուղեղի (առավելապես ճակատային բլթերի) որևէ հատվածի արյունազեղումով, արյան շրջանառության խանգարումով և գլխուղեղի բջիջների մեռուկացումով, ինչը հետագայում հանգեցնում է ինտելեկտի (հիշողության, տրամաբանության, դատողության և այլն) աստիճանական իջեցմանը:

«Նոկաուտ» ստացած կռփամարտիկը ենթակա է անհապաղ հոսպիտալացման՝ առնվագն 10-14 օր տևողությամբ ստացիոնար բուժման և անկողնային ռեժիմի: Գլխացավը, գլխապտույտը, նողկանքը (սրտխառնուք) և մյուս հիվանդագին երևույթները շարունակվելու դեպ֊ քում ստացիոնար բուժումն ու անկողնային ռեժիմը երկարաձգվում են:
     Գլխուղեղային ծանր վնասվածք ստացած կռփամարտիկներին թույլատրվում է վերսկսել մարզումները առնվազն 6 ամիս ընդմիջում և բուժում ստանալուց հետո՝ դրանով իսկ հնարավորություն տալով վերականգնելու գլխուղեղի վնասված հատվածի արյան շրջանառությունը:
     Գլխուղեղին հասցված հարվածներից հաճախակի առաջացած փակ վնասումները բացասաբար են ազդում նաև պատանու՜դեռևս լրիվ չկազմավորված կենտրոնական նյարդային համակարգի վրա:
     Երեխայի կամ պատանու գլխուղեղի փակ վնասումը կարող է պատճառ դառնալ հոգեկան և նյարդային այնպիսի ծանր հիվանդությունների առաջացմանը ինչպիսիք են հոգեհյուծումը, ուղեղախտը, ընկնավորությունը, հոգեգարությունը, թուլամտությունը, որոնք, ցավոք, շատ դժվար են բուժվում կամ չեն բուժվում ընդհանրապես:
     Կռփամարտիկների (բռնցքամարտիկների) մոտ գլխի վնասվածքից հետո զարգացող հիվանդության ախտածագումն ուսումնասիրած Մարտլենդի նկարագրությունը խոսում է ուղեղի խորը հատվածների ախտահարման մասին: Վնասումային հոգեգարությունն ու վնասումային ուղեղախտը ուսումնասիրած մասնագետը դիտարկել է խոսքի խանգարում, շարժումների դժվարացում, ձայնի և ձեռքերի ղող, դիմականման դեմք: Իսկ հոգեկան խանգարումներից՝ ուշադրության, երբեմն՝ մտավոր կարողությունների նվազում, տրամաբանական մտածողության բացակայություն, որը հեղինակը կապում է կրկնվող մանր արյունազեղումների և գլխուղեղի խորը հատվածների մեռուկացումների և հետագա սպիացումների հետ:
     Ուղեղի այս փոփոխությունները կարող են պատճառ դառնալ կենտրոնական նյարդային համակարգության կողմից ղեկավարվող ներքին օրգանների գործունեության տարաբնույթ խանգարումների:
     Սա պետք է լավ գիտակցեն ծնողները, որոնց մեծ մասը, ցավոք, պատկերացում չունի «սպորտային տրավմատիզմ» հասկացության և դրանից բխող ծանր, հաճախ՝ ողբերգական հետևանքների մասին: Մինչև երեխայի համար սպորտաձև ընտրելը, պետք է անպայման հաշվի առնել նրա առողջական վիճակը, մարզական կարողությունները և սպորտային հնարավոր անհաջողությունները: Չէ՞ որ սպորտային աստղը փայլատակում է եզակի անհատների համար: Իսկ ի՞նչ ճակատագիր են ունենում Օլիմպոսի ստորոտում մնացած հազարավոր մարզիկները:
     Ինչպես Լաֆարգն է ասում. «Մարմնական ուժը եղել է հոմերոսյան դարաշրջանի նահապետական հերոսների ամենաառաջին առաքինությունը»:
     Իսկ մեր փոքրաթիվ, սակայն ազնվացեղ ազգին ներկայումս ոչ թե գլադիատորներ, այլ պայծառ գլուխներ են հարկավոր»,- ասում է մասնագետը:

4296 | 0
Facebook