Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Նոր վարչապետը նույնպես գիտի, որ խիստ ժամանակավոր է, դրա համար էլ բիլիարդ է խաղում». Թամար Հովհաննիսյան

13:20, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
«Նոր վարչապետը նույնպես գիտի, որ խիստ ժամանակավոր է, դրա համար էլ բիլիարդ է խաղում». Թամար Հովհաննիսյան

Դերասանուհի Թամար Հովհաննիսյանի կարծիքով` մշակույթը շատ ընդգրկուն բառ է: Դա նաև քաղաքակրթություն է, պահվածք, հասարակության մտածելակերպ, հագ ու կապ և այլ դրսևորույթներ:

«Եթե մշակույթ ասելով նկատի ունեք միայն արվեստն ու այն ստեղծողներին, միշտ էլ կա ու եղել է՝ լավն ու վատը, բարձրորակն ու գռեհիկը, տաղանդավորն ու ապաշնորհը: Փրկել ասելով, եթե նկատի ունեք, որ նախարարին փոխելով կարող ենք հուսալ, որ համատարած արվեստի տաղանդավոր գործեր պիտի ստեղծվեն կամ գոնե պիտի ակնկալենք, որ կստեղծվեն, պիտի հուսախաբ անեմ ձեզ»,- MAMUL.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին:

Նրա խոսքով` նախարարը ոլորտի կազմակերպիչ է: «Ավելին՝ նախարարը նախարարությանը պետբյուջեից ոլորտին հատկացված գումարներն անգամ իրավունք չունի միանձնյա որոշումներով հատկացնել այս կամ այն արվեստի օջախին: Մինչ հիմա այդպես է եղել: Չի եղել նախարարություն, եղել է խողովակ, որի միջով ժողովրդի հարկերից գոյացած գումարները միանձնյա որոշմամբ ուղղվել են որոշակի անձանց, կազմակերպություններին: Միանձնյա որոշմամբ տնօրեն կամ գեղարվեստական ղեկավար հեռացնելու համար հաստիքն են վերացրել, հետո նշանակելու համար նույն այդ հաստիքը վերականգնել: Ի դեպ, երբ ասում եմ միանձնյա, բնավ նկատի չունեմ տիկին նախկին նախարարին: Այդ որոշումները կայացվել են երկու մտերիմ ընկերուհիներով, հայտնի է, թե ինչ ընկերության մասին եմ ասում»,- նշեց մեր զրուցակիցը:

Նա խոստովանեց, որ անձամբ ինքը համակարգային փոփոխությունների մեջ է տեսնում փրկությունը, և ոչ միայն մշակութային ոլորտի, նաև մեր երկրի, հայրենիքի և կառուցվելիք պետության:

Թամար Հովհաննիսյանի կարծիքով` Արմեն Ամիրյանն ի տարբերություն նախորդ նախարարի ավելի բարետես է, անկախ սեռային պատկանելիությունից: «Իր ամբողջ կենսագրության ընթացքում աշխատել է հեռուստատեսությունում, նախ որպես խոսնակ, և ես կասեի բավական հաջող, հետո՝ մինչև բոլորովին վերջերս հանրային ռադիոյի ղեկավար և հանրային ռադիոն ի տարբերություն հանրային հեռուստատեսության պահպանել է իր որակը: Ինքս միշտ հաճույքով լսել եմ, նույնիսկ հաղորդաշարեր կան, որ ուշադիր հետևել եմ:

Այսինքն՝ այս մարդը, նախորդի համեմատ, որ մասնագիտությամբ կենսաբան է ու բոլորովին վերջերս էլ պարզվեց, որ նույնիսկ կոնսերվատորիայի դիպլոմ ունի, իր ողջ աշխատանքային կեսագրությունը անց է կացրել հանրային ծառայության մեջ և ոչ միայն բարետես է, այլ նաև բարեկիրթ»,- համոզված է դերասանուհին:

Նրա խոսքով` խնդիրն այն է, թե ինչ նպատակի համար են արվում ընդհանրապես այս փոփոխությունները: «Ես տպավորություն ունեմ, որ այս բոլոր նշանակումները խիստ ժամանակավոր բնույթ ունեն:

Բացի այդ, մշակույթի նախարար չասեմ, ասեմ կազմակերպիչը լիակատար անկախություն պետք է ունենա իշխանությունից: Ֆինանսները չեն կարող ձևավորվել միայն ու միայն պետբյուջեի հաշվին: Հակառակ դեպքում բոլոր արվեստագետները աստիճանաբար դառնում են մոտավոր ական կամ այս բառի ավելի անվայելուչ տարբերակը, դա այն է ինչ տեղի է ունեցել»:

Դերասանուհու համոզմամբ` մենք շարունակում ենք ապրել անկանոն սովետական անարխիկ, քաոսային տնտեսակարգի մեջ: «Այս ամենը պիտի կարգի բերել նախ, հետո նախարարներ փոխել:

Ի միջի այլոց էլ ասեմ, որ էկոնոմիկայի նախարարին տեղափոխելը բնապահպանության նախարարություն այնքան էլ «պրոֆեսիոնալ» չէ, «կադրերի» հարցում կարելի է ավելի զգույշ լինել: Կամ նոր վարչապետը նույնպես գիտի, որ խիստ ժամանակավոր է, դրա համար էլ բիլիարդ է խաղում:

Անդրադառնալով օրվա թեմային` դերասանուհին ընդգծեց. «Անհարմար է, ամոթ է, էդ անիմաստ կոչումները հանեք, դեն շպրտեք: Ո՞ւմ են պետք, ի՞նչ են տալիս: Այսօր, որ ասում եք Վահրամ Փափազյան, էդ անիմաստ կոչումը որպես անվան կցորդ կարիք կա՞ գործածելու: Հասկացանք, ընդունեցինք, որ սովետը իր քայքայված, ավերակված վիճակով շարունակվում է, բայց էս չնչին խայտառակությունը կարող եք չէ՞ գրողի ծոցն ուղարկել: Նոր նախարարը գոնե այդ հարցը լուծի ահագին թշնամանք կպակասի, մարդիկ գոնե մի հարցում կսկսեն ավելի լայն մտածել»,- նշեց Թամար Հովհաննիսյանը: Նա համակարգային, հիմնովին փոփոխության մեջ է տեսնում, թե՛ երկրի՝ պետության, թե՛ պետության յուրաքանչյուր ոլորտի փրկությունը: «Գալով ինձ` կրկնեմ, եթե այս փոփոխությունները իրական լինեին, այլ ոչ թե քվազի՝ շինծու, կեղծ, ինչպես ամեն ինչն է ընդդիմությունից սկսած, ապա ես Հասմիկ Պողոսյանից հետո կուզեի Հասմիկ Պապյանին տեսնել նախարարի պաշտոնում ու կարող եմ հիմնավորել: Բայց դա փոփոխությունների հաջորդ փուլին, արդեն Նոր Հայաստանում...»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
    
     Անի Մնացականյան

9400 | 0
Facebook