Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը նոր հանձնարարություն է տվել նախարարներին

12:15, հինգշաբթի, 29 սեպտեմբերի, 2016 թ.
Վարչապետը նոր հանձնարարություն է տվել նախարարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում նախարարներին հանձնարարել է կրճատել ՊՈԱԿ-ներն ու ԾԻԳ-երը:
     «Հանձնարարում եմ գործադիր իշխանության բոլոր մարմիններին` վերանայել ՊՈԱԿ-ների գործունեությունների նպատակահարմարությունը և առաջարկներ ներկայացնել դրանց նպատակահարմարության և օպտիմալացման առումով: Կան ՊՈԱԿ-ներ, որոնց ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում: Նույն հանձնարարությունը վերաբերում է նաև ԾԻԳ-երին, պետք է վերանայել նաև դրանց գործունեությունը»,- ասել է վարչապետը:

Անցնելով հանձնարարականներին` վարչապետն ասել է. «Նախ և առաջ վերջին օրերին սննդի անվտանգության պաշտպանության վերաբերյալ սպառողների ներկայացուցիչների ու գործարարների հետ ենք հանդիպել, հանձնարարում եմ Գյուղատնտեսության նախարարին՝ հնչեցված մտահոգությունները ուսումնասիրել՝ շեշտը դնելով այն հարցի վրա, թե լաբորատորիան պետք է լինի ՍԱՊԾ մե՞ջ, թե պետք է լինի անկախ»:
    
Հանձնարարականներից մեկը վերաբերում էր սեփականաշնորհված ակտիվներին. «Բազմաթիվ տարիների ընթացքում մենք ունենք սեփականաշնորհված գույք, որ այսօր չի աշխատում, դրա համար Էկոնոմիկայի, Ֆինանսների ու Տարածքային զարգացման նախարարություններին հանձնարարում եմ գույքագրել այդ ունեցվածքը, մշակել ու ներկայացնել չօգտագործվող գույքի վերաբերյալ համակարգային առաջարկություններ: Մենք պետք է սեփականատերերին փորձենք մոտիվացնենք ու ակտիվացնենք, որ այդ գույքը աշխատի»:
    
Անդրադառնալով գնումների վերաբերյալ խնդիրներին, վարչապետը Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հանձնարարել է քննարկել կենտրոնացված կարգը, գնումների կազմակերպման մեխանիզմի ներդրման հնարավորությունը և ներկայացնել առաջարկ, թե որ ապրանքներն ու ծառայություներն են նպատակահարմար ձեռք բերել կենտրոնացված կարգով: «Մենք բազմաթիվ գնումներ կազմակերպող կազմակերպություններ ունենք և, կարծում եմ, մենք այստեղ ավելի կառավարելի համակարգ կարող ենք ունենալ»:
    
Հանձնարարականներից մեկն էլ վերաբերել է տարածքների համաչափ ու տնտեսական զարգացմանը. «Տարածքային կառավարման նախարարին հանձնարարվում է մեկամսյա ժամկետում էկոնոմիկայի, Սպորտի, Կրթության, Էներգետիկայի, Տրանսպորտի նախարարություններին՝ ուսումնասիրել բոլոր ոլորտների պետական բյուջեի թեմատիկ դաշտերը ու ներկայացնել առաջարկներ, որպեսզի մենք ունենանք հասկանալի վեկտոր, թե ուր ենք գնում: Տարածքային կառավարման նախարարին հանձարարում եմ երեքշաբաթյա ժամկետում վերանայել համայնքային զարգացման հնգամյա ծրագրի մշակման ու կառավարման մեթոդաբանությունը, չափելի ու հասկանալի պահանջներ դնել զարգացման համար, ինչպես նաեւ՝ տնտեսական զարգացում տեղերում: Ձեռնարկել մեխանիզմներ, որ բոլոր համայնքների ծրագրերը մշակվեն նոր մեթոդաբանությամբ. յուրաքանչյուր բնակավայր ու կառավարիչ պետք է ունենա հորիզոն, թե ինչ է ուզում, որ այդ բնակավայրում ունենա, նաեւ՝ պետք է ունենա երազ: Մեթոդաբանությունը կազմեք մաքսիմալ պարզ, թուղթը պետք է լինի հասկանալի, ընթերցելի, պրագմատիկ, քանի որ շատ հաճախ կազմում ենք բյուրոկրատ ու անհասկանալի փաստաթղթեր, ու ամեն ինչ կորցնում ենք: Պետք է ստեղծագործաբար աշխատել»,- նշել է նա:

4843 | 3
Facebook