Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Եթե յուրաքանչյուր ասող իմանար, որ Կոմիտասը հրաշալի պարում էր, ապա, կարծում եմ, կամաչեր իր ասածից». Գագիկ Գինոսյանն` իր հասցեին հնչած քննադատությունների մասին

17:25, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե յուրաքանչյուր ասող իմանար, որ Կոմիտասը հրաշալի պարում էր, ապա, կարծում եմ, կամաչեր իր ասածից». Գագիկ Գինոսյանն` իր հասցեին հնչած քննադատությունների մասին

Երեկ, երբ դեռ հայտնի չէր մշակույթի նոր նախարարի անունը, ԱԺ «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը բուռն քննարկման արժանացավ ֆեյսբուքահայության կողմից: Նրանցից շատերը կոշտ գնահատականներ հնչեցրեցին պատգամավորի առաջարկած «թեկնածուի»` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր Գագիկ Գինոսյանի մասին, թե «պարել իմանալը դեռ քիչ է մշակույթի նախարար դառնալու համար»:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, Գ. Գինոսյանը կարծիք հայտնեց, որ ժամանակին մեծ գիտնական պարողներ է ունեցել հայ ազգը, նրանցից է մեծն Կոմիտասը. «Եթե յուրաքանչյուր ասող իմանար, որ Կոմիտասը, Պարույր Սևակը հրաշալի պարում էին, ապա կարծում եմ, կամաչեր իր ասածից: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց, գոնե, ամաչեն իրենց խոսելուց: Եթե իրենք ինչ-որ վայ-պարագետներին հաշվի առնելով են դա ասում, ապա, խնդրում եմ, դա տարբերակել: Ես իմ անձն ի ցույց չեմ դնում, ես չեմ ասում` կարող եմ լինել նախարար, թե չեմ կարող, բայց որ ասում են` պարողը ո՞նց կարող է լինել նախարար, պետք է իմանալ, որ հրաշալի պարողներ ենք ունեցել, որոնց մի մասը, եթե այսօր կենդանի լիներ, ապա շատ հպարտ կլինեինք»,- նշեց ազգագրական պարերի մեծ վարպետը:

Արդյոք կցանկանա՞ր մշակույթի նախարարի պաշտոնն ինքը զբաղեցնել, մեր զրուցակիցն ասաց. «Ես կարծում եմ` յուրաքանչյուր ստեղծագործ մարդ կերազի, որ իրեն ավելի մեծ հնարավորություն ընձեռվի` կյանքի կոչելու իր առաքելությունը, է´լ ավելի ծավալելու իր ստեղծագործական կարողությունները, այն ավելի սպառելու, աջակցելու, որպեսզի ավելի մեծ ճակատ ունենան գործունեության»:

Գնահատելով Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի գործունեությունը, Գագիկ Գինոսյանը կարծիք հայտնեց, որ նմանատիպ մարդն է արժանի զբաղեցնելու մշակույթի նախարարի պաշտոնը. «Նա և´ ադմինիստրատիվ ռեսուրս ունի, և´ կառվարման փորձառություն ունի, և´ ազգային նկարագիր ունի, և´ իր ղեկավարած «Հանրային ռադիոն» երբևէ ապազգային և ցածրաճաշակ հաղորդում եթեր չի հեռարձակել` ի տարբերություն և´«Հանրային Հեռուստատեսության» և շատուշատ լրատվամիջոցների: Բացի այդ, Արմեն Ամիրյանը լավագույնս ճանչում է նաև ազգային մշակույթը…»,- ասաց Գագիկ Գինոսյանը:

4091 | 0
Facebook