Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը պետք է կազմակերպվի Ֆրանսիայի գնացող նախագահի կողմից, ծիծաղ է առաջացնում». Սերգեյ Շաքարյանց

14:20, չորեքշաբթի, 28 սեպտեմբերի, 2016 թ.
«Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը պետք է կազմակերպվի Ֆրանսիայի գնացող նախագահի կողմից, ծիծաղ է առաջացնում». Սերգեյ Շաքարյանց

Վերջին շրջանում շատ է խոսվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին: Ըստ տեղեկությունների` այդ հանդիպումը նախատեսվում է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Հայաստանին ի՞նչ կտա այդ հանդիպումը: Դրանից հետո հնարավո՞ր են առաջխաղացումներ բանակցային գործընթացում, եթե Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարը, արդյոք նախագահների հանդիպումն անիմաստ չէ՞:

«Այն, որ այդ հանդիպումն անիմաստ է` ակնհայտ է: Դեռևս չի կայացել հուլիսին հայտարարված օգոստոսյան եռակողմ հանդիպումը, որը ևս եղել էր պլանավորած: Հիմա խոսել, թե Ֆրանսիայի գնացող նախագահը մի բան կկազմակերպի, որպեսզի Ալիևն ու Սարգսյանը հանդիպեն, դա ուղղակի ծիծաղ է առաջացնում: Եթե նա գնացող չլիներ, ապա կարելի էր մտածել, որ քիչ թե շատ քաղաքական դիվիդենտներ փնտրելու փորձ է արվում, բայց իմանալով, որ Օլանդն, այնուամենայնիվ, ժամանակավոր ֆիգուր է փարիզյան քաղաքական ասպարեզում, ինձ համար դա ծիծաղելի է»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով նախագահների հնարավոր հանդիպումը, կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:

Նրա խոսքով, երկու նախագահների հանդիպման հարցում ֆրանսիական կողմի շահագրգռվածությունը պարզապես մի նպատակ է հետապնդում. «Դա կարող է Օլանդի կուսակցության համար ընտրություններից առաջ լավ դիրք ստեղծել, դրանով նա փորձ է անում սիրաշահել կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքին, որպեսզի հետո էլի խաբի: Մենք շատ լավ գիտենք, որ Օլանդն իր ամբողջ նախագահության ժամանակ զբաղված է հայերին, ֆրանսահայերին և ընդհանրապես հայերին խաբելով»,- շարունակեց քաղաքագետը` հավելելով, որ եթե Սարգսյան-Ալիև հանդիպում տեղի ունենա, դա լինելու է հերթական «պրոտոկոլային հանդիպումը»: «Կլինի ձեռքսեղմում, ժպիտ, ինչ-որ խոստումներ` բանակցությունների շուրջ, բայց ոչինչ չի տա այն մեզ: Ֆրանսիայի կողմից դեռևս պաշտոնական որևէ առաջարկ կամ գաղափար չի եղել` կապված Արցախի հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Նորից եմ կրկնում, եթե նա չլիներ գնացող նախագահ, կարելի էր դեռ մի բան սպասել, բայց տվյալ դեպքում ոչինչ չենք սպասում և չպիտի սպասենք»:

6471 | 0
Facebook