Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հմայակ Հովհաննիսյանն` իրեն բերման ենթարկելու մասին

11:00, երկուշաբթի, 26 սեպտեմբերի, 2016 թ.
Հմայակ Հովհաննիսյանն` իրեն բերման ենթարկելու մասին
     Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Հմայակ Հովհանիիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ իրեն խաբեությամբ են ոստիկանություն տարել:
     «Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ, որ այդքան սրտացավ արձագանքեցիք իմ դեմ նոր թափով վերսկսված հալածանքին: Դյուզն իսկ չէի կասկածում, որ ընկերներիս ձերբակալություններից հետո հանցագործ ռեժիմի վրեժխնդրության ուխտը իմ դռանն էլ է չոքելու: Աստված իմ ու Գարեգին Չուքասզյանի մայրերին տարավ իր գիրկը, որ նրանք չտեսնեն Սերժ Սարգսյանի հայատյացության նորանոր դրսևորումները: Հիմա Աստծո Թագավորությունում նրանք հուսալիորեն պաշտպանված են, իսկ մենք պարտավոր ենք պաշտպանել Հայքը՝ Հայաստանն, Արցախն ու Սփյուռքը ներառյալ՝ ուրիշ հարստություն մենք այլևս չունենք: Հայրենիքը վերացական, անշունչ կատեգորիա չէ: Մորիցս հետո ինձ համար Հայրենիքը իմ ընկերներն են՝ Սասնա ծռերն են՝ Ժիրայրը, Գարեգինը, Վարուժանը, Անդրիասը, Պավլիկը, Մխիթարը, Գագիկը, Գևորգը և մյուս քաղհալածյալները, ովքեր այսօր տառապում են ճաղերի հետևում, բայց պողպատի նման անկոտրուն են: Ես ուրիշ ճանապարհ չունեմ. կամ նրանց հետ միասին պետք է արժանապատիվ ապրեմ ազատագրված Հայրենիքում, կամ նրանց հետ միասին պետք է իմ խաչը կրեմ ճաղերի հետևում: Եթե յուրաքանչյուր հայ՝ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում խորությամբ գիտակցի հայրենիքի ազատագրման անհրաժեշտության անայլընտրանքայնությունը, ապա շատ շուտով մենք կճեղքենք ոստիկանապետության պատնեշները և կնվաճենք ազատ, անկախ և միացյալ Հայրենիքում ապրելու մեր սրբազան իրավունքը»:
     Տեղեկացնենք, որ երեկ Հմայակ Հովհաննիսյանին զանգահարել են ոստիկանությունից և առաջարկել հանդիպել պարզելու համար 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ոստիկանություն ներկայացված ընտրակեղծարարության փաստերի վերաբերյալ նրա հաղորդման ինչ-ինչ մանրամասներ: Հանդիպման ժամանակ ոստիկանները հայտարարել են, որ իրականում իրենց հանձնարարված է ձերբակալել և խուզարկության նպատակով ոստիկանություն տանել հենց Հմայակ Հովհաննիսյանին: Վերջինիս առաջադրվել է դատական վճիռների կատարումից խուսափելու մեղադրանք: Որպես խափանման միջոց ընտրվել է մշտական բնակության վայրից չբացակայելու պարտավորություն:
3252 | 1
Facebook