Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թիրախավորված իրավազանցություններ Հայաստանի լրագրողների դեմ». Լևոն Բարսեղյանի ելույթը ԵԱՀԿ ՄԻ կոնֆերանսի հարակից միջոցառման ժամանակ

20:15, երեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2016 թ.
«Թիրախավորված իրավազանցություններ Հայաստանի լրագրողների դեմ». Լևոն Բարսեղյանի ելույթը ԵԱՀԿ ՄԻ կոնֆերանսի հարակից միջոցառման ժամանակ

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին Վարշավայում ԵԱՀԿ ՄԻ կոնֆերանսի հարակից միջոցառման ժամանակ Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Լավ լուրն այն է, որ Հայաստանում դեռ լրագրող չեն սպանել լրագրողական գործունեության համար: Մնացածը տխուր է: Հայաստանում որպես կանոն ԶԼՄ-ների և լրագրողների դեմ բռնությունների շեշտակի աճ նկատվում է քաղաքական սրացումների, քաղաքական սուր խնդիրները վեր հանող ցույցերի, ընտրությունների ժամանակ: Կար ժամանակ, երբ այդ բռնությունները գործադրվում էին անհայտ անձանց կամ քրեական կենսագրությամբ մարդկանց կողմից, որոնք կապ ունեին այս կամ այն ազդեցիկ օրիգարխի կամ պաշտոնյայի հետ: Վերջին երկու տարիներին նոր թրենդ է առաջացել Հայաստանում, լրագրողների դեմ իրականացվող հարձակումների և հանցագործություների մեծ մասն իրականացվում է հենց ոստիկանության կողմից, որոնք կոչված են պաշտպանելու հասարակական կարգը և բռնության ենթարկվողներին:

Վերջին երկու տարների ընթացքում ոստիկանության կամ նրա կողմից հովանավորված անձանց կողմից լրագրողների և ԶԼՄ այլ մասնագետների դեմ իրականացված հարձակումները հիմնականում եղել են զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ: Երբ ոստիկանությունը սկսում է խաղաղ ցույցերը անհիմն կերպով ցրել և բիրտ ուժ կիրառել, միաժամանակ հատուկ ուշադրություն են դարձնում լրագրողների աշխատանքին, սակայն ոչ թե նրանց օժանդակելու և նրանց նկատմամբ ոտնձգություներ թույլ չտալու, այլ հակառակը՝ նրանց աշխատանքը բարդացնելու, խոչընդոտելու, նրանց ֆիզիկական բռնության ենթարկելու, տեսագրությունները գողանալու կամ ոչնչացնելու համար:

Ինչ կարիք ունի օրինական աշխատող ոստիկանը այդպիսի ապօրինություններ անելու, տրամանաբությունն ասում է, որ չունի նման կարիք: Դրա կարիքն ունեն նրանք, ովքեր ապօրինություններ են անում, և բոլորովին շահագրգիռ չեն, որ այդ ամենը տեսագրվի կամ արձանագրվի: Միայն այսպես կարելի է բացատրել համակարգված հարձակումները ԶԼՄ-ների դեմ: Ես կանդրադառնամ վերջին երկու տարվա ընթացքում ոստիկանության կազմակերպված հարձակումներին ԶԼՄ-ների աշխատակիցների վրա:

2015 թվականի հունիսի 23-ի վաղ առավոտյան, Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցի ժամանակ ժողովրդին ծեծելու և բերման ենթարկելու ժամանակ ոստիկանությունը և ոստիկանական ուժերի հետ համագործակցող, անհայտ անձինք 13 լրագրողի և օպերատորի ծեծեցին ու վիրավորեցին, ևս 11 լրագրողի մասնագիտական պարտականությունները խոչընդոտեցին: Միաժամանակ հատուկ նպատակով կոտրեցին մոտ մեկ տասնյակ լրագրողների տեխնիկասարքավորումները, և հափշտակվեցին հիշողության քարտերը: Այդ ամենին ականատես է եղել և ոստիկանական ուժերին կառավարել է ոստիկանության պետի տեղական գեներալ Լևոն Երանոսյանը: Հարուցվեց քրեական գործ, որով ամիսներ շարունակ զբաղվում էր մեկ քննիչ, մեկ տարուց ավելի, ոչ մեկին մեղադրանք չէր ներկայացվել, և միայն 2016 թ. օգոստոսին 4 հոգու մեղադրանք ներկայացվեց, որոնք ամենայն հավանականությամբ ազատ կարձակվեն ենթադրյալ համաներման արդյունքում՝ 2016թ սեպտեմբերի 21-ից հետո:

Լրագրողների և ԶԼՄ մասնագետների նկատմամբ երկրորդ խոշորամասշտաբ հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականի հուլիսի 17-ից սկսած՝ «Սասնա Ծռեր» զինված խմբի ապստամբության հենց առաջին օրվանից և տևել է երկու շաբաթ: Լրագրողների իրավունքների անօրինական սահմանափակումները դրսևորվել են մի քանի եղանակով. տեղաշարժի ազատության սահմանափակում, խոսքի ազատության սահմանափակում, երբ արգելել են օգտվել հեռախոսից, անօրինական ազատազրկում, ծեծ, մասնագիտական պարտականությունների կատարման խոչընդոտում, հատուկ միջոցների կիրառում, տեխնիկասարքավորումների ոչնչացում և այլն: «Սասնա Ծռերի» զինված ապստամբության ժամանակ լրագրողական հանրության դեմ ոստիկանության իրականացրած հանցագործությունների գագաթնակետը եղել է Երևանի Սարի թաղ թաղամասում հունիսի 29-ի ուշ երեկոյան, երբ ոստիկանական ներքին զրքերի և ցուցարարների դիմակայության վերջում նույն Լևոն Երանոսյանը ցուցարարների վրա հարձակման հրաման տվեց: Ոստիկանները ոչ միայն այդ միջավայրում օգտագործման համար անթույլատրելի հատուիկ միջոցներ կիրառեցին ցուցարաների և լրագրողների նկատմամբ, այլև նպատակաուղղված կերպով հարձակվեցին և ծեծեցին մոտ երկու տասնյակ լրագրողների, լուսանկարիչների և օպերատորների: Այդ հարձակման մեջ ոստիկաններից բացի ներգրավված էին ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաների թիկնապահները և քրեական վարքով հայտնի մարդիկ: Նրանց լուսանկարները հայտնի են և հրապարակված են, սակայն մեղադրան որևէ մեկին դեռ չի ներկայացվել, չնայած դեպքից անցել է արդեն մեկուկես ամսից ավելի: Սարի թաղում հուլիսի 29-ի գիշերը ոստիկաների և մի շարք թիկնապահների կողմից ծեծված լրագրողների համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել դեպքից միայն 1,5 ամիս անց:

Փաստորեն ստացվում է այնպես, որ ոստիկանությունը մի կողմից պատշաճ չի կատարում հասարակական կարգի պահպանման իր պարտականությունները, մյուս կողմից ինքն իրականացնում քրեական հանցագործություն՝ հարձակվում, ծեծում և մարմնական վնասվածքներ է հասցնում ոչ միայն խաղաղ ցուցարարներին, այլև լրագրողներին: Կարելի է կարծել, թե ոստիկանությանը հայտնի չէ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է սահմանում լրագրողի մասնագիտական օրինական պարտականության կատարմանը խոչընդոտելու դեպքում:

Ինչն է այս ամենի պատճառը: Ակնհայտորեն ոստիկանությունը չի կարող ինքնագլուխ նման հանցագործություններ կատարել: Եթե 2015թ. հունիսի 23-ի ինքնագլուխ էին նման հանցագործություն արել, մեղավորները շուտափույթ պիտի դատապարտվեին, ինչի արդյունքում այսօրինակ նոր հանցագործություններ լրագրողների նկատմամբ չէին լինի: Այս անպատժելիությունը ակնհայտորեն հովանավորվում է ՀՀ գերագույն պաշտոնյայի կողմից: Պետության զավթման մակարդակի կոռուպցիայիով երկրներում, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն է, ավտորիտարիզմի խորությունը այլ բան չի թողնում ենթադրել, քան այն, որ ուժային բոլոր կառույցների գերագույն կառավարիչը թիվ մեկ պաշտոնյան է, Հայաստանում դա նախագահի պաշտոնն զբաղեցնող Ս.Սարգսյանն է:

Յուրայինների կամ իրավապահ համակարգի նկատմամբ անպատժելիությունը լավագույն երաշխիքն է հակամարդկային ռեժիմները պահպանելուն ուղղված այսօրինակ հանցագործությունները ազատորեն իրականցնելու համար: Եթե ռեժիմը որևէ մեկ ոստիկանի պատշաճ կերպով պատժի, հաջորդ անգամ նման բռնություններ հանձնարարել չի կարողանա, կամ հանձնարարելիս արդյունք չի ստանա:

Գուցե բավարար միջոցներ չունի՞ ոստիկանությունը պատշաճ հանրային ծառայություններ մատուցելու համար: Երբ ուսումնասիրում ենք ՀՀ պետական բյուջեն ու ոստիկանության ֆինանսավորումը, նկատում ենք, որ ոստիկանությունը ավելի քան լիարժեք է ֆինանսավորվել, 2012-2015 թվականներին ոստիկանության բյուջեն աճել է տարեկան մոտ 14 տոկոսով, այն դեպքում, երբ երկրի պետական բյուջեն աճել է տարեկան ընդամենը 2-6 տոկոսով: Բացի այս, ոստիկանությունը իր արտաբյուջետային եկամուտներից տարեկան ստացել է պետական բյուջեից ստացած գումարների մոտ 80 տոկոսի չափ գումար ևս: Այլ խոսքով ոստիկանությունը անցած 4-5 տարիների ընթացքում Հայաստանի ամենաճոխ ֆինանսավորված ոլորտներից մեկն է, դատելով ոստիկանության հաճախակի թարմացվող համազգեստից ու հանդերձանքից, հատուկ միջոցներից և ավտոմեքենաներից, բոլոր այն ցանկություններն, ինչ ունեցել են, կատարվել են, ֆինանսավորվել են, որքան կամեցել են: Որւեմն, 2011 թվականին ոստիկանությանը հատկացվել է ՀՀ պետական բյուջեի ծախսային մասի 2,34%-ը, իսկ 2015 –ին 3,21%-ը, 2016-ին՝ 2,96%-ը: Պետական բյուջեից ոստիկանության ֆինանսավորումը 2011-2016 թթ. աճել է 64,42%-ով: Համեմատության համար՝ Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումը այդ ընթացքում աճել է 61,1%-ով: Պետական ոլորտից ուրիշ ոչ մի ոլորտ ծախսերի մասով չի գերազանցում սրանց: Պաշտպանության ֆինանսավորումը այդ ընթացքում աճել է 42,25%-ով, իսկ ահա պետական բյուջեն նույն ժամանակահատվածում աճել է 30,3%-ով՝ ծախսային մասով և 34,75%-ով՝ եկամտային մասով: Այսինքն անցած հինգ տարիներում ոստիկանության և ԱԱԾ ֆինանսավորումները աճել են կրկնակի և ավելի արագ քան պետական բյուջեն է աճել:

Բայց սա երևի բավարար չի եղել ոստիկանության պրոֆեսիոնալիզմի և կայացման համար: Սրա հետ մեկտեղ, ԵԱՀԿ-ն ոստիկանությանը սնուցել է 2012 թվականին 837.375 եվրո, իսկ 2013 թվականին 884.901 եվրո առնվազն: Այս դրամաշորհային գումարները ԵԱՀԿ-ն հատկացրել է լավագույն ցանկություններով՝ ամբոխի կառավարման փորձի ավելացման, մասնագիտացման և նյութատեխնիկական ապահովման համար: Արդյունքում ոստիկանությունը դառնում է ավելի բիրտ, անմարդկային ու նվաստացնող քաղաքացիների ու մասնավորաբար լրագրողների նկատմամբ: Ով կարող է, ասել, եթե ոստիկանությունը չվայելեր ԵԱՀԿ այս աջակցություը պակաս բիրտ ու ավելի պատասխանատո՞ւ կլիներ, թե՞ ոչ:

Չզարմանաք, բայց ամեն անգամ, երբ ես փորձում եմ ոստիկանությունից իմանալ իրենց աշխատակազմի ամբողջական թիվը, բաժանմունքների աշխատակիցների թիվը, ոստիկանների թիվը, ինձ գրավոր և պաշտոնապես պատասխանում են, որ այդ թվերը ՀՀ օրենսդրությամբ ծառայողական գաղտնիք են և տրամադրել չեն կարող: Ճշմարիտ են ասում, այդ թվերը գաղտնիք են: Մենք հարկատուներս տեղյակ չենք քանի ոստիկան ենք պահում մեր փողերով: Բազմաթիվ անգամներ առաջարկել ենք իշխանությանը գաղտնազերծել այդ թվերը, չեն գաղտնազերծում, հիմա ասացեք, նորմա՞լ է եվրոպական չափանիշներով սնուցել ու ֆինանսավորել մի երկրի ոստիկանության, որը հանրությունից գաղտնի է պահում, թե քանի ոստիկան ունի: ԵԱՀԿ քանի երկրում է այդպես, ԵԱՀԿ-ն ունի՞ որևէ վիճակագրություն: ԵԱՀԿ-ն տեղյա՞կ է թե ՀՀ ոստիկանությունում քանի ոստիկան և աշխատակից կա, եթե տեղյակ չէ, ինչպես է նպատակահարմար գտել լրագրողներ ծեծող ոստիկանությանը այդպիսի առասպելական ֆինանսավորումներ իրականացնել: Եթե ԵԱՀԿ-ն տեղյակ է Հայաստանի ոստիկանների թվերից, ապա ինչու ՀՀ քաղաքացիները տեղյակ չեն: Քանի դեռ ՀՀ ոստիկանությունը այս ապօրինություններով զբաղվող անմեղ և խաղաղ քաղաքացիներին և լրագրողներին ծեծող ու բանտարկող ռեպրեսիվ մեքենան է, ես պիտի դիմեմ և ԵԱՀԿ-ին, և այլ հնարավոր դոնորներին՝ դադարեցրեք այս մեքենան սնուցել, անցած 2 տարիների հանցագործություններն ու անգործությունը ցույց տվեցին, որ ավտորիտար ռեժիմում հիմնական գործիքներին սնուցել չի կարելի, դրանք չեն բարեփոխվում: Հայաստանը վերածվել է ոստիկանական պետության: Հակառակ դեպքում մենք հիմա պիտի ունենայինք 2015-ի Բաղրամյան փողոցի դեպքերի հիման վրա դատապարտված և ազատազրկված առնվազն 20 հոգի, իսկ Սարի թաղի դեպքերով առնվազն 40-50 ոստիկան կամ թիկնապահ: Եվ սա դեռ վերջը չէ»:

7281 | 0
Facebook