Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե ուսանողն իրոք ծառայել է, բայց զորամասը փնթիություն է արել` չի նշել, ապա շրջանային զինկոմիսարիատը կզբաղվի այդ հարցով». ԿԳՆ պատասխանատու

13:01, հինգշաբթի, 15 սեպտեմբերի, 2016 թ.
«Եթե ուսանողն իրոք ծառայել է, բայց զորամասը փնթիություն է արել` չի նշել, ապա շրջանային զինկոմիսարիատը կզբաղվի այդ հարցով». ԿԳՆ պատասխանատու

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած բոլոր ուսանողները կարող են օգտվել ուսման վարձի 50% և ավելի չափով զեղչից: Մինչդեռ քառօրյա պատերազմին մասնակից զինվորներից շատերի զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել են ապրիլյան քառօրյա մարտերին, հետևաբար, նրանք չեն կարողանում օգտվել սահմանված զեղչից: Պատճառն այն է, որ զինվորները պատերազմի ժամանակ գտնվել են ոչ թե առաջին գծում, այլ` երկրորդ, և դրանով հիմնվելով` համապատասխան զորամասերը նման որոշում են կայացրել:

Այս խնդրին օրեր առաջ արձագանքել էր նաև Երևանի «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը` նշելով, որ այդ որոշումը արդար չէ. «Որոշումը պետք է վերաբերվեր բոլոր ժամանակներում անմիջապես սահմանի վրա ծառայողներին: Կա´մ բոլոր զինծառայողներին պետք է տրվեր այս արտոնությունը, կա´մ՝ ոչ մեկին, չէ՞ որ սա էլ նոր կոռուպցիոն երևույթների աղբյուր կդառնա, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ի՞նչ կգրեն զինգրքույկում…: Բա հիմա ո՞նց չասես, հարգելի պարոն Մկրտչյան, ո՞նց եք նման որոշմանը համաձայնություն տվել»,- իր վրդովմունքն էր հայտնել Անահիտ Բախշյանը:

MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում, ՀՀ ԿԳՆ բուհերի համակարգման բաժնի պետ Սասուն Մելիքյանը տեղեկացրեց, որ իսկապես կան մի քանի ուսանողներ, ովքեր կանգնած են նման խնդրի առջև. «Մենք հայտարարում ենք` ովքեր դժգոհություներ ունեն, կարող են դիմել իրենց շրջանային զինկոմիսարիատներ, հանձնեն զինվորական գրքույկները, իսկ զինկոմիսարիատն այն կուղարկի, ճշգրտում կանի տվյալ զինվորների ծառայած միավորման հետ, վերջիններն էլ կանեն համապատասխան ճշտումը: Մենք էլ մեր հերթին գրություն կգրենք, որ մի փոքր էլ երկարաձգեն նրանց ուսման վարձի վճարման ժամկետը»,- պարզաբանեց Ս. Մելիքյանը` նշելով, որ ցանկացողները կարող են նաև ԿԳՆ-ում դիմում գրել:

Նշենք, որ սահմանված զեղչի համար դիմում ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել մինչև սեպտեմբերի 15-ը:

Հարցին, եթե զեղչերի վերաբերյալ դիմումների վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 15-ն է, եթե քաղաքացիները չհասցնեն ժամանակին դիմում գրել, ի՞նչ է սպասվում, պաշտոնյան ասաց, որ այսպիսի դեպքերում վերջնաժամկետն արդեն դեր չի խաղա. «Մենք կմիջամտենք, որ եթե իրոք ծառայել է, բայց զորամասը փնթիություն է արել` չի նշել, ապա արդեն շրջանային զինկոմիսարիտը զբաղվի այդ հարցով և այդ նշումը անեն»,- ասաց նա:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ նման գանգատներով մի քանի դիմում արդեն ստացել են:

3386 | 0
Facebook