Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայի հարցում միակ լուծումը. The Wall Street Journal-ի անդրադարձը

16:10, երեքշաբթի, 06 սեպտեմբերի, 2016 թ.
Սիրիայի հարցում միակ լուծումը. The Wall Street Journal-ի անդրադարձը

«Բարաք Օբամայի՝ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվելու փորձերը կրկին անարդյունք ավարտվեցին»,- գրում է The Wall Street Journal-ի հոդվածագիր Բրեթ Սթիվենսը:
     «ԱՄՆ նախագահը պատճառաբանել է, թե ռուս կոլեգայի հետ հարաբերություններում «վստահության խնդիրներ» կան: Էլ ինչ կարող է անել ԱՄՆ այդ վարչակազմը, որի գաղափարներն սպառվել են, բացի այն, որ անհապաղ վերադառնալ հրադադարի մասին նույն անհաջող բանակցություններին, միայն թե այս անգամ ավելի մեծ աղմուկով»,- շարունակում է հեղինակը:
     Սթիվենսը կարծում է, որ ԱՄՆ-ի հաջորդ վարչակազմին նոր ուղղություն է պետք Սիրիայի հարցում: «Առաջին և ամենաէական քայլն «հիմնավոր սկզբունքից» հրաժարվելն է, որն անցյալ տարի ձևակերպել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այն է` «Սիրիան միասնական երկիր պետք է լինի»:

Հոդվածագրի կարծիքով` Սիրիայի պատերազմի արմատական պատճառը պայքարն է իշխանության համար «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքով: Եʹվ Ասադին, ևʹ իր հակառակորդներին միայն լիակատար հաղթանակ է պետք, իսկ պարտվածներին լիակատար կործանում է սպառնում:
     Այդ իրավիճակում լավագույն տարբերակը Սիրիայի բաժանումն է: Բաժանումը չի վերացնի խնդիրները, բայց պետք է նվազեցնի դրանք այնքանով, որ հաղթահարելն ավելի հեշտ լինի, ասվում է հոդվածում: Ինքնուրույն ալավիտյան պետությունը, հնարավոր է` կապահովի Ասադի գերդաստանի քաղաքական գոյությունը, բայց անվտանգ «հայրենիք» կդառնա, մանավանդ եթե Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքներ ստանա: «Իրաքյան Քուրդիստանի հետ միացված քրդական գոտին թուրքերի կողմից որպես սպառնալիք կընկալվի, սակայն ԱՄՆ օդուժի պաշտպանության ներքո այն կարող էր հուսալի ապաստան դառնալ խաղաղ բնակչության համար»,- գրում է Սթիվենսը:

Աղբյուրը` wsj.com
5992 | 0
Facebook