Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության օրվա առթիվ

10:00, ուրբաթ, 02 սեպտեմբերի, 2016 թ.
Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձն Արցախի Հանրապետության օրվա առթիվ
     ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ.
    
    

Սիրելի՛ հայրենակիցներ,
     Այսօր տոնում ենք Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին պետական այս կարևորագույն տոնի կապակցությամբ:
     1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և փոխեց նրա պատմության ընթացքը: Մեր վճռորոշ ձայնը բարձրացնելով ի օգուտ ազատ ու անկախ Արցախի` մենք ազգովի ձեռնամուխ եղանք պետականաշինության գործընթացին, սկսեցինք կառուցել ժողովրդավարական պետություն՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին համապատասխան:
     Մեր ընտրած ուղին բարդ էր ու դժվարին: Արցախի ժողովրդի արդար եւ օրինական պահանջին Ադրբեջանը հակադարձեց բռնություններով ու կոտորածներով եւ սանձազերծեց արյունալի պատերազմ: Մենք ստիպված էինք զենք վերցնել եւ ամեն գնով պաշտպանել մեր նորանկախ պետության ազատությունն ու անվտանգությունը, մեր ժողովրդի խաղաղությունն ու անդորրը, մեր պատմական հողն ու իրավունքները:
     Այդ ծանր օրերին, ինչպես նաև հետագա բոլոր տարիների ընթացքում Արցախի կողքին էին Մայր Հայաստանը եւ Սփյուռքը: Աշխարհասփյուռ հայության գործուն աջակցությամբ և ակտիվ մասնակցությամբ մենք կարողացանք պատվով հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները, հաղթանակ տարանք մեզ պարտադրված պատերազմում եւ սկսեցինք շենացնել ու զորացնել բոլորիս համար թանկ ու նվիրական Արցախը, մեր Հայրենիքը:
     Մեր կողքին էին նաև բարի ու ազնիվ շատ մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, ում համար մարդասիրությունն ու ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Արցախի ժողովուրդը խորապես երախտապարտ է իր բոլոր բարեկամներին և բարձր է գնահատում նրանց ավանդը մեր անկախ պետականության կայացման ու զարգացման գործում:
     Թանկագի՛ն հայրենակիցներ,
     Այս տոնական օրը մենք հատուկ երախտագիտությամբ հիշում ենք մեր բոլոր նահատակներին, հայ ժողովրդի քաջ զավակներին, նրանց, ովքեր իրենց կյանքի գնով ճանապարհ հարթեցին մեր հայրենիքի պայծառ ու լուսավոր ապագայի համար: Մենք պարտավոր ենք միշտ վառ պահել մեր նվիրյալների հիշատակը, եւ դրա լավագույն ուղին ազատ ու անկախ Արցախի շարունակական զարգացումն ու զորացումն է:
     Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ հիշարժան տոնի առթիվ եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք, մեր ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:

11644 | 0
Facebook