Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Թուրքիան Սիրիայի հյուսիսում ձգտելու է ստեղծել տեղի թուրքոմանների ինքնավարություն, ինչպես նաև ոչնչացնել կամ վտարել Հալեպի և հարակից շրջանների հայությանը». Արման Մելիքյան

13:05, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
«Թուրքիան Սիրիայի հյուսիսում ձգտելու է ստեղծել տեղի թուրքոմանների ինքնավարություն, ինչպես նաև ոչնչացնել կամ վտարել Հալեպի և հարակից շրջանների հայությանը». Արման Մելիքյան

MAMUL.am-ի թղթակցի զրուցակիցն է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։


     - Պարոն Մելիքյան, թուրքական բանակի ներխուժումը Սիրիա, ըստ Ձեզ, իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում (թեպետ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողություններն ուղղված են ԴԱԻՇ-ի և Քրդական դեմոկրատական միության ահաբեկիչների դեմ):

- Թուրքիան մասնակցում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանի տարածքային վերաձևման գործընթացին: Իսլամական պետությունն այդ վերաձևումն ապահովելու համար անհրաժեշտ ֆանտոմային գործիք է, որի գոյությամբ ու դրա դեմ պայքար վարելու անհրաժեշտությամբ էլ հենց արդարացվում է Իրաքի և Սիրիայի գալիք մասնատումը: Թուրքիան այդ գործընթացի ամենաակտիվ մասնակիցն է, քանի որ լրջագույն քաղաքական, տնտեսական, ռազմական և, անգամ, տարածքային ձեռքբերումների ակնկալիք ունի:

- Քրդերն ասում են, որ Անկարան ընդամենն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակն՝ իրենց դիրքերը թուլացնելու համար: Նաև լուրեր կան, որ թուրքական բանակը ԴԱԻՇ-ին հարվածելու պատրվակով ռմբակոծում է Հալեպի այն գյուղերի և տարածքների ուղղությամբ, որտեղ «ԻՊ» զինյալներ չկան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:

- Թուրքիան հարվածներ է հասցնելու քրդերին, ամենայն հավանականությամբ, ձգտելու է ներկայիս Սիրիայի հյուսիսում ստեղծել տեղի թուրքոմանների ինքնավարություն կամ, գուցե անգամ, անկախ պետություն, ինչպես նաև ոչնչացնել կամ վտարել Հալեպի և հարակից շրջանների հայությանը: Թուրքիան նաև տարածքային խնդիրներ է ունեցել ասադյան Սիրիայի հետ, որոնք այժմ կարող են իրենց վերջնական լուծումը ստանալ թուրքական տարբերակով: Սրանք են պաշտոնական Անկարայի կողմից Սիրիայի կազմաքանդման միտումով իրականացվող ռազմական գործողությունների հիմնական նպատակները, որոնք կարող են քողարկվել միանգամայն այլ՝ զուտ քարոզչական հռետորաբանության միջոցով:

- Կարծիք կա, որ Սիրիայի հյուսիս թուրքական բանակի ներխուժումն արվել է ռուսների համաձայնությամբ: Այս մասին ի՞նչ կասեք:

- Դա ակնհայտ է՝ եթե Կրեմլը տեղյակ չլիներ Անկարայի ռազմատենչ ծրագրերից կամ էլ դեմ լիներ թուրքական բանակի ստորաբաժանումների ներխուժմանը Սիրիա, ապա առանց վարանելու օդային հարվածներ կհասցներ դրանց:

- Իրավիճակն, ըստ Ձեզ, ինչպիսի՞ հանգուցալուծում կստանա:

- Դատելով զարգացումներից` կարելի պնդել, որ այսօր նախագահ Ասադը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ նա կամ պետք է համաձայնի Սիրիայի մասնատման մոտալուտ հեռանկարի հետ և դադարեցնի դիմադրությունն այն հույսով, որ գուցե իրեն թույլ տան իշխանության մնալ սիրիական պետությունից մնացած բեկորներից մեկում՝ դառնալով միմիայն ալավիների առաջնորդը, կամ էլ արժանանալ Սադդամ Հուսեյնի և Մուամմար Քադդաֆիի ճակատագրին: Ամեն դեպքում, այժմ իրավիճակը նպաստավոր է հենց թուրքական շահերն առաջ մղելու համար:

- Հնարավո՞ր է` այս ամենն անդրադառնա մեր տարածաշրջանի վրա:

- Հարավային Կովկասում այս իրադարձությունների արձագանքն իրեն երկար սպասեցնել չի տա, սակայն ես հիմքեր չունեմ վստահ լինելու, որ հայկական իշխող շրջանակներն ունակ են իրենց հաշիվ տալ, թե ինչպիսի նոր մարտահրավերների է բախվելու Հայաստանը շատ մոտ ապագայում:

3029 | 0
Facebook