Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սիմոն Մարտիրոսյանը և Միհրան Հարությունյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

00:15, երեքշաբթի, 30 օգոստոսի, 2016 թ.
Սիմոն Մարտիրոսյանը և Միհրան Հարությունյանն այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն ընդունեց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանին և Սիմոն Մարտիրոսյանին՝ ուղեկցությամբ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանի և ֆեդերացիայի փոխնախագահ Արսեն Բադալյանի:

Հանդիպմանը Սրբազան Հայրը մեդալակիր մարզիկներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու շնորհավորանքները՝ օլիմպիական խաղերին բարձր ցուցանիշներ արձանագրելու առիթով: Դիվանապետ Սրբազանը, անդրադարձ կատարելով օլիմպիական խաղերի արդյունքներին, վստահություն հայտնեց, որ մեդալակիրներն իրենց հաղթական ոգով օրինակ կծառայեն երիտասարդ սերնդի համար:

Նա նաև կարևորեց այն իրողությունը, որ հայ մարզիկներն իրենց հաջողություններով օգտակար նպաստ են բերում հայ ժողովրդին՝ սպորտի միջոցով ճանաչեցնելով Հայաստանը ողջ աշխարհին:

Մրցանակակիր մարզիկները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության և, մասնավորապես, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հայ մարզիկների նկատմամբ մշտապես ցուցաբերվող ուշադրության համար: Նրանք վստահեցրին, որ Ս. Էջմիածնի օրհնությունն ավելի մեծ ուժ կհաղորդի իրենց` հետագայում ևս հաջողությամբ հանդես գալու տարբեր սպորտային հարթակներում և նոր հաղթանակներ նվաճելու:
     Վերջում Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը հաջողություններ մաղթեց օլիմպիականներին` միշտ բարձր պահելու Հայաստանի մարզական պատիվը:

4925 | 0
Facebook