Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել Պավել և Արամ Մանուկյանների հետ

14:05, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
ՄԻՊ աշխատակիցներն առանձնազրույցներ են ունեցել Պավել և Արամ Մանուկյանների հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անմիջական հսկողությամբ 2016 թվականի հուլիսի 28-ից սկսած կատարվում են պարբերական այցելություններ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Շարունակվում են այնտեղ պահվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած կալանավորված անձանց պահման պայմանների, նրանց իրավունքների ապահովման և բուժօգնության կազմակերպման վիճակի մշտադիտարկման աշխատանքները: Մշտական սկզբունքով կատարվող այցելությունների շրջանակներում առանձնազրույցներ են տեղի ունեցել Սեդրակ Նազարյանի, Թաթուլ Թամրազյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև Պավել և Արամ Մանուկյանների հետ: Կատարվել են մանրամասն ուսումնասիրություններ: 2016 թվականի օգոստոսի 19-ին գրություններ են ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն, համաձայն ստացած բողոքների, մի շարք կալանավորված անձանց բժշկական խնամքը կազմակերպելու նպատակով վերջիններիս առողջապահական մարմինների բուժական հիմնարկ տեղափոխելու վերաբերյալ: 2016 թվականի օգոստոսի 22-ին Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանի և բժիշկ-մասնագետի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ կատարած հերթական այցելության ընթացքում պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնից քրեակատարողական հիմնարկ գործուղված և վերջիններիս խնամքն ապահովող մասնագետների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվել է: «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան բուժօգնության հետագա կազմակերպման և խնամքը դադարեցնելու հարցով սկսվել է քննարկման ընթացակարգ: ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարություններից կպահանջվեն համապատասխան գրավոր պարզաբանումներ:

2438 | 0
Facebook