Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը. ՄԻՊ

18:05, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը. ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը
    
     Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այսօր տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվածներ Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի ազգականները մեր ներկայացուցիչներին ներկայացրել են բողոք այն մասին, որ Ոստիկանությունն իրենց անհիմն արգելում է տեսակցել վիրավորվածներին: Ընդ որում, մեզ հաղորդվում է, որ բժշկական անձնակազմը տեսակցելու հարցում որևէ խնդիր չի տեսնում, իսկ ոստիկանությունը արգելքի հարցում պատճառներ չի ներկայացնում: Ըստ հաղորդումների նույն խնդիրն առկա է նաև փաստաբանների տեսակցության ապահովման հարցում: Այս մասին առկա են նաև հրապարակումներ ԶԼՄ-ներում:

Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանները կամ իրավասու մյուս պաշտոնատար անձինք վիրավորվածներ Ա.Պետրոսյանի և Հ.Հարությունյանի մերձավոր ազգականներին պետք է պարտադիր ներկայացնեն իրենց գործողությունների հիմքերը, ինչպես նաև դրանց վերաբերյալ պարզաբանումներ: Հակառակ դեպքում՝ ոստիկանության գործողությունները կլինեն անհիմն և անթույլատրելի: Փաստաբանների մուտքի անհիմն արգելքը նույնպես անթույլատրելի է: Մեր կողմից արդեն նախաձեռնվել է համապատասխան ընթացակարգ՝ արագ կերպով պարզելու համար ստեղծված իրավիճակի հանգամանքները և նպաստելու խնդրի լուծմանը:

ՄԻՊ գրասենյակ

2416 | 1
Facebook