Հայաստանի ևս հինգ ավագ դպրոցներում կդասավանդվեն «Միկրոէլեկտրոնիկա», «ՏՏ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաները
17:05, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացրած աննախադեպ պիլոտային ծրագիրը արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է։ Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաև ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը: Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը: ՍինոփսիսԱրմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաև կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» և «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները և համակարգչային ցանցը: Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը ևս 5 ուսումնական հաստատություններում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, N198 ավագ դպրոց, N105 ավագ դպրոց, ՀԱՊՀԳյումրու մասնաճյուղ ավագ դպրոց և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց։ |
26690 | 1