Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապստամբությունը ճնշելու համար Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերելու ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների կյանքը». նախաձեռնող խմբի հայտարարությունը

11:20, երկուշաբթի, 25 հուլիսի, 2016 թ.
«Ապստամբությունը ճնշելու համար Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերելու ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների կյանքը». նախաձեռնող խմբի հայտարարությունը
     Քիչ առաջ Խորենացի փողոցում համակարգող խմբի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ընթերցեց համակարգող խմբի հայտարարությունը: Դրանում մասնավորապես ասվում է.
     «Արդեն 8-րդ օրն է, ինչ հայոց պետության ու հայ ժողովրդի մի խումբ նվիրյալներ` «Սասնա ծռեր» խմբի անդամներն, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանադրական իրավունքների իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների: «Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, ՀՀ քաղաքացիների իրավունքների մշտական ոտնահարման, Հայաստանին օտար պետությունների շահերին ծառայեցնելու իրողությունից:
     Դրսևորելով բացառիկ հումանիստական վարք` որպես բարի կամքի դրսևորում, «Սասնա ծռերն» ազատ արձակեցին իրենց մոտ գտնվող ոստիկանության բոլոր աշխատակիցներին: Սակայն խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները` վարչախումբը դիմեց հերթական տմարդի, ստոր քայլին: Արդեն 3-րդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք, չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին` խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության:
     Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց ավելի քան 800 հեկտար տարածք, տալով 100-ից ավելի զոհ ու բազմաթիվ վիրավորներ, հայտարարում էր, որ չի ցանկանում ետ բերել այդ տարածքներն` ավելորդ զոհերից խուսափելու համար: Ստացվում է, որ հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, իսկ հանուն այդ նույն հայրենիքի արյուն տված և երկրին նվիրված, համաժողովրդական սեր ու վստահություն վայելող «Սասնա ծռերի» կյանքը որևէ արժեք չի ներկայացնում: Այդ ապստամբությունը ճնշելու համար Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերելու ինչպես «Սասնա ծռերի», այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների կյանքը, ինչպես նաև խաղաղ բնակիչների կյանքը: Կողմ լինելով բոլոր հարցերի, այդ թվում նաև այս հարցի, բացառապես քաղաքական ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծելու սկզբունքին, դեմ լինելով ամեն կարգի բախումների խաղաղ ցուցարարների և իրավապահ մարմինների միջև, համոզված լինելով, որ այս անգամ իշխանությունների մեջ ուժ կգտնվի և կցուցաբերվի զսպվածություն, ձեռնպահ կմնա ուժային գործողություններից, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով` համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայտարարում է`
     Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու Սերժ Սարգսյանն անձամբ` անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողինն է լինելու, թե «Սասնա ծռերի» տղաներինը:
     Բազմահազար ցուցարարների անունից առաջարկում եմ Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան 20:00-ն, լուծվեն «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի և բուժօգնության հարցերը:
     Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում` քննարկելու համար մեր հետագա քայլերը:
     Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, Կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն` օգնելու խնդիրը բանակցային ճանապարհով խաղաղ լուծելու համար:
     Մենք համոզված ենք, որ ստեղծված վիճակում միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը»:
6470 | 2
Facebook