«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հայտարարությունը
Սույն թվականի հուլիսի 17-ի վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի շենքը գրավելու գործողությանը հետևեցին բողոքի ակցիաներ Երևանի Ազատության հրապարակում, այնուհետև Խորենացու փողոցում, որտեղ իսկ տեղակայված է ՊՊԾ գունդը՝ ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի անդամների և նրանց կողմից առաջ քաշված պահանջների, այն է՝ ՀՀ նախագահի հրաժարականը և քաղբանտարկյալ Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը: Նույն օրը և դրան հաջորդող հավաքների ժամանակ ՀՀ ոստիկանությունը՝ դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, գործի է դրել իր ավանդական վայրագ, բռնի և սադրիչ գործողությունները` խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, բնակչության հանդեպ: Առաջին իսկ օրը Երևանի «Ազատության» հրապարակում՝ առանց իրավական հիմնավորումների, զանգվածաբար բերման են ենթարկել խաղաղ հավաքի մասնակիցներին, ընդ որում, գործողությունները զուգորդված են եղել բռնությամբ, քաշքշուկներով, հայհոյանքներով, անմարդկային վերաբերմունքով՝ այդ թվում նաև կանանց նկատմամբ: Հատկապես վերջին օրերի ընթացքում ՀՀ ոստիկանությունը զինված է եղել և հուլիսի 20-ին Երևանի Խորենացու փողոցում խաղաղ հավաքի մասնակիցների միջև ծագած բախման ընթացքում, առանց նախապես զգուշացնելու, կիրառել է արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ միջոցներ: Արդյունքում եղել են բազմաթիվ տուժածներ, այդ թվում նաև ոստիկաններ, որոնք տեղափոխվել են բուժհաստատություններ և հիվանդանոցներ: ՀՀ ոստիկանությունը, իր գործելակերպի համաձայն, այդ վայրագություններին մասնակից է դարձնում նաև քաղաքացիական համազգեստով ոստիկանների, որոնք որևէ տարբերանշան չեն կրում իրենց հագուստին: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա», ներառյալ՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ Հայտարարությանը միանում են՝ «Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ «Էկոլոգիական Հասրակական Միություն» ՀԿ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ «Հայկական բնապահպանական ճակատ» Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ «Երիտասարդ ինժեներների ասոցիացիա» ՀԿ 50/50 քաղաքացիական նախաձեռնություն |