Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Եթե 700 հազար մարդ դուրս եկավ փողոց, Սերժ Սարգսյանը տարբերակ չունի չհեռանալու». Նիկոլ Փաշինյան

21:20, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
«Եթե 700 հազար մարդ դուրս եկավ փողոց, Սերժ Սարգսյանը տարբերակ չունի չհեռանալու». Նիկոլ Փաշինյան
     ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ելույթը` Խորենացի փողոցում հավաքված բազմության առաջ.
    
     «Այսօր Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը լրագրողներին ասել է, որ ինքը խոսել է Ժիրայր Սեֆիլյանի հետ ու վերջինը հրաժարվել է Սերժ Սարգսյանի հրաժարականից: Չեմ ուզում հավատալ միջնորդավորված այս հայտարարությանը ու հույս ունեմ, որ Սեֆիլյանը որևէ կերպ կգտնի սրա վերաբերյալ պարզաբանում տալու: Ինձ համար այս հայտարարությունը նման է մղձավանջի, որովհետև եթե հաստատվի, կլինի երկրորդ անգամը, երբ քաղաքական ուժը շատ երկար ժամանակ համոզում ա ինձ միանալ Սերժ Սարգսյանի հեռացման պայքարին, ու վերջնական պահին հրաժարվում է իր կեցվածքից: Նման բան պատահեց ոչ իշխանական ուժերի եռյակի ժամանակ, երբ նրանք ամիսներով մեղադրում էին` թե պաքարում ենք իշխանության դեմ, ինչու չես միանում: Ես ասում էի` երբ պաշտոնապես կպահանջեք Սերժ Սարգսյանի հրաժարականը, կպաշտպանենք: Նրանք չհասան դրան»,- ասաց ԱԺ պատգամավորը:
     Անդրադառնալով իր անձի շուրջ մեղադրանքներին, ըստ որի` շարժումը ղեկավարելով զբաղված է անձնական ու կուսակցական PR-ով, Փաշինյանն ասաց. «Սասնա ծռերի անդամներն իմ դեմ խոսեցին, այո, ավելին, մի տղա մոտեցավ ինձ, ասաց, որ լիազորված է խմբի կողմից հայտարարություններ անել ու նշեց, որ Սասնա ծռերը դեմ են իմ գործողություններին... Հարգելիներ, գաղտնիք չկա, որ ես կուսակցության անդամ եմ ու չեմ պատրաստվում հրաժարվել իմ քաղաքական սկզբունքներից ու կենսագրությունից: Մի բան էլ, Վարուժան Ավետիսյանը, որին հարգում եմ, այսօր ասաց, որ Նիկոլն արյան վրա իր ձեռքերն ա տաքացնում... Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել, ստորագրություններ, մարդիկ խնդրել են, որ գամ ու դերակատարում ստանձնեմ: Սերժ Սարգսյանին հեռացանելու միակ պայմանը ժողովրդի կամարտահայտությունն է ու դրա համար պետք է հարթակ ապահովենք, և այստեղ այլ խոսակցություններ չեն կարող լինել»:
     Վերջում նա ընդգծեց հետևյալը. «Եթե 700 հազար մարդ դուրս եկավ փողոց, Սերժ Սարգսյանը տարբերակ չունի չհեռանալու: ՀՀ քաղաքացիներ, ես ով եմ, որ ձեր փոխարեն որոշեմ` Սերժ Սարգսյանը, մնա, թե գնա, ինչ էլ որոշեք, հարգանքով կվերաբերվեմ: Եթե ուզում եք ապրել Սաշիկ Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, Միհրան Պողոսյանի, Հովիկ Աբրահամյանի թալանի ու քաղաքական բեսպրեդելի պայմաններում, չեմ կարող օգնել ձեզ, իսկ եթե ազատ երկրում եք ուզում ապրել, ես ձեր ծառան եմ»:
8148 | 6
Facebook