Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մի քանի կարևոր նախապայման արյունահեղություն թույլ չտալու համար. Լևոն Բարսեղյան

13:40, շաբաթ, 23 հուլիսի, 2016 թ.
Մի քանի կարևոր նախապայման արյունահեղություն թույլ չտալու համար. Լևոն Բարսեղյան

Մի քանի կարևոր նախապայման արյունահեղություն թույլ չտալու համար
     Դե եթե տեխնիկական, ուրեմն տեխնիկական.
     Բոլորիս շահերից է, որ Սասնա Ծռերը ողջ և առաղջ մնան, քաղաքացիներն էլ անվնաս` իշխանության համար աշխատող թե նրանց դեմ բողոքող, ուրեմն
     Իշխանությունն այս վերջին պայմանավորվածությունից հետո, բացի բուն քաղաքական բանակցություններին անցնելը է.
     1. Կանոնավոր, բավարար և անվտանգ սնունդ, ջուր, դեղորայք և բժշկական ծառայություն մատակարարել նրանց: Այդ ամենը սկսել անել ոչ թե շատ հարգելի մարդկանց միջոցով, այլ Կարմի Խաչի միջոցով:
     2. Չխոչընդոտել հեռախոսակապի և ինտերնետային կապի մատակարարումը այդ տարածքում:
     3. Չխոչընդոտել ԶԼՄ-ների ելումուտը այդ տարածք և ոչ գաղտնի շփումները ապստամբների հետ:
     4. Փոխել հարուցված քրեական գործի հիմքերը այնպես, որ այդ հոդվածներում «ահաբեկչություն» բառը չլինի:
     5. Բացառել իշխանությունների կողմից զինյալների մասին որևէ բանավոր կամ գրավոր խոսքում «ահաբեկիչ» բառի կամ դրա ուղիղ հոմանիշների օգտագործումը, իշխանություն ունեցող մարդկանցից` այդ բառն օգտագործողներին պատասխանատվության ենթարկել ինչ-որ ողջամիտ եղանակով:
     6. Անհապաղ դադարեցնել զինյալների հարազատների, մերձավորների, հարազատների, ընկերների և համախոհների նկատմամբ ահաբեկչական գործողությունները և վարքը ոստիկանության և հատուկ ծառայությունների բացահայտ և ծպտյալ գործակալների կողմից, ազատ արձակել այդ մոտիվներով արդեն ձերբակալվածներին, երբ հիմքերը «զինյալների հետ կապ պահպանելն է և նրանց աջակցությունը» ձևակերպումներն են կամ համանման հիմարաբանություններ: (Այլապես այդ պատճառաբանությամբ որոշ չնչին բացառություններով պիտի ձերբակալել հայ ժողովրդին, ծավալի մեջ գուցե մի քիչ սխալվում եմ, բայց դա հիմա էական չէ):
     7. Անհապաղ սկսել ցուցարարների նկատմամբ ապօրինաբար, բիրտ և անհամաչափ ուժ և բռնություններ ձեռնարկած ոստիկանների և նրանց գործակալների հանցագործությունների հետաքննությունը` (1) հարուցելով քրեական գործ, և (2) ազատ արձակելով այդ հարձակումների դեմ ինքնապաշտպանական միջոցների դիմած ցուցարներին և քաղաքացիներին:
     8. Որևէ կերպ չխոչընդոտել փաստաբանների և ԶԼՄ-ների օրինական գործունեությունը:
     9. Որևէ կերպ չխոչընդոտել և սատարել քաղաքացիների խաղաղ կամարտահայտման խմբային և զանգվածայհին գործողությունները:
     Առայժմ, այսքանը կարծես: Սրանք այն ամենահասարակն են, որ կարող են անել իշխանությունները իրադրությունը չբարդացնելու համար: Իշխանությունները պարտավոր են կատարել այս բաները այլապես սրանց չկատարելուց իրադրությունը հետզհետե բարդանում է կանխատեսելի սցենարներով:
     Գլխավորը մնում է գլխավոր, ինչ պահանջել են Սասնա Ծռերը և հանրությունը: Այս պահանջները տարիներ շարունակ են հնչել, հազարավոր անգամներ.
     1. Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չպիտի լինեն:
     Իշխանությունը պարտավոր է վերանայել իր դիրքորոշումը եւ հանրության կողմից քաղաքական բանտարկյալներ համարվող մարդկանց համարել որպես քաղաքական բանտարկյակլներ, ապա ազատ արձակել նրանց, հետն էլ ներողություն խնդրել նրանցից, փոխհատուցելով նրանց զրկանքները:
     2. Հայաստանի իշխանությունը պիտի հրաժարական տա:
     Սա ես տառացի չեմ հասկանում, պիտի լինեն ողջամիտ և որակյալ բանակցություններ և գտնվեն լուծումներ անօրեն իշխանության հեռացման և օրինական իշխանության ձևավորման համար:
     Գլխավոր բանակցային այս զույգ առարկաները դեռ իշխանությունները չեն քննարկել: Անհապաղ հարկավոր է սկսել այդ բանակցությունները, որքան էլ ոմանք դա նվաստացուցիչ համարեն իշխանության համար: Ժամանակը քիչ է, չկա ժամանակ եթե կուզեք, Հայսատնի առաջ միայն այս դարդը չի ծառացած, չթվեմ: Հակառակ դեպքում իշխանության արածը գնահատվելու է դիտավոր և հանցավոր անգործություն, որը, ինչքան կռահում եմ բերելու է մարդկային և նյութական անվերականգնելի կորուստների. Սասնա Ծռերը չեն պատրաստվում զենքը ցած դնել, այդպես եմ հասկանում: Իշխանությունը առայժմ այս հիմնահարցերի շուրջ չի բանակցում ու չի հայտարարում, թե չի բանակցելու: Այս հնարքը` համեմված Ս.Սարգսյանի կոշտ, սպառնալից, գուցե բլեֆով համեմված հայտարարության հետ, խնդիրները չեն կարգավորում: Խնդիրները չեն կարգավորի, եթե անգամ իշխանության հաջողվի բոլոր զինյալներին ձերբակալել, բանտարկել, կամ գնդակահարել:
     ՀԳ.
     Ներողություն անհամեստության համար. պատրաստ եմ ցանկացած միջնորդական, բանակցային գործերում ներգրավվել, եթե կկամենան կողմերը: Չեն կամենա` չեն կամենա.«Մենք լե մզի խմար պետություն ինք», ասում էր մշեցի ընկերս, ու մեր պետությունը կիսում է զինյալների պահանջները, որ կրկնել ենք հարյուրավոր անգամներ եւ տարիներ ի վեր:

5809 | 0
Facebook