Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Փոխզիջման գործընթացը պետք է բաց լինի և պատշաճ լուսաբանվի հասարակության համար». Հրանտ Խաչատրյան

18:40, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Փոխզիջման գործընթացը պետք է բաց լինի և պատշաճ լուսաբանվի հասարակության համար». Հրանտ Խաչատրյան
     ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
    

«Փոխզիջում բառը, ինչպես քաղաքական-հասարակական երևույթները նկարագրող շատ այլ բառեր, եզրույթներ, վարկաբեկված է այնքան, որ անշնորհակալ գործ է դրանց կիրառության մասին խոսել՝ առանց դրանց ընկալման սեփական պատկերացումները վերահաստատելու:

Չնայած փոխզիջում բառի պարզությանը հայերիս համար այն կորցրել է իր նախնական իմաստն ու ասոցիացվում է պարտադրրված պատերազմի արդյունքում ազատագրված տարածքների ոչ միայն մի մասի, այլև մինչ պատերազմը միջազգային իրավունքի նորմերի պահպանմամբ Հայաստանին վերամիավորված ԼՂԻՄ-ի վերադարձը ուժային ճնշմների ու նոր պատերազմի սպառնալիքի տակ: Ահա թե ինչ է այսօր փոխզիջումը մեզ համար սկսած երկրի ղեկավարից ու վերջացրած վերջին անօթևանով:

Մինչդեռ մենք մեր ներքին ու արտաքին խնդիրները լուծելու, հանուն ազգային համաձայնության մայրենի լեզվով միմյանց հետ խոսելու ու հասկանալու համար նոր բառեր չենք հորինելու:
     Ի դեպ իմ հրապարակային գործունեության ընթացքում Արցախի հարցով մերժել եմ նաև փոխզիջումն իր ավանդական իմաստով, քանի որ պատերազմ -> խաղաղություն գործընթացներում ավանդաբար տարածքների հարցը քննարկվում է հիմնականում կապված սահմանագծի ճշտումների հետ:

Արցախի հարցով մեր անունից բանակցություններ վարողները իրենց կողմից ընդունված, կամ իրենց պարտադրված «փոխզիջումը» տարիներ շարունակ մեզ ներկայացրել են որպես դիվանագիտություն, իսկ գաղտնի բանակցություններից արտահոսքի դեպքում իշխանական դաշտի ազդեցիկ ներկայացուցիչների բերանով հավաստիացրել են, որ «ոչինչ ել չենք տալու»:

Վերջին հաշվով վերջին երկու նախագահների ու ազատամարտիկների (երկրապահների) հետ միասին հասել ենք առաջինի հրաժարականին՝ որպես հիմնական մեղադրանք նրան ներկայացնելով Արցախի հարցում նահանջողական տրամադրությունները:
     Այսքանից հետո բոլորովին զարմանալի չէ, որ վերջերս հրապարակված «փոխզիջմանը» ամենասուրը արձագանքում են ազատամարտիկները՝ իրենց իմացած ձևերով: Ավելի զարմանալի է, թե ինչու՞ են լռում իշխանական թևի ազատամարտիկները ու մեզ չեն հայտնում իրենց լռության «գաղտնի» բարի լուրը: Թեկուզ արդարության համար պետք է հիշատակել, որ «Հայրենիքին սպառնացող» այս դեպքում նրանք իրենց ավտոմատներով չեն վխտում դեպքի վայրի շուրջը:

Ներքին զինված առճակատումը, ավելի շատ դրա հնարավոր հետևանքները ցնցել են բոլորին: Հասարակությունը, չնայած որ տարիներ շարունակ երազել է զինյալների պահանջների մեծամասնության կատարմանը մասին, հիմնականում հանդես է գալիս արյունահեղությունը ցանկացած գնով կանխելու օգտին: Իշխանությունը, արտաքին առճակատման օրինակով դա անվանում է խաղաղ լուծում ու խոստանում է հնարավորության դեպքում հասնել դրան: Ձևավորվել է առճակատման երկու հստակ կողմ, իրենց հրապարակած պահանջներով: Այս կամ այն կողմին չմիացողները ունեն իրենց յուրովի տրամաբանությունը, որը նորություն չէ:
     Ենթադրում եմ, որ պատանդների առկայությունը ՊՊԾ-ում հիմնական դեր չի խաղում, քանի որ զինյալները չեն սպառնում նրանց կյանքով ու դրան հավատում են բոլորը:
     Ժամանակավոր փխրուն հավասարակշռությունը (ստատուս քվո) պահպանվում է երկու կողմերում զենքի առկայությամբ:
     Ընթանում են գաղտնի բանակցություններ «երրորդ տարբերակի» շուրջ:

Ամեն ինչ շատ նման է մեր թշնամու հետ առճակատման սցենարներին: Կողմերի ներկայացուցիչները նույնիս չեն թաքցնում միմյանց նկատմամբ թշնամական վերաբերմունքը:
     Նույն արտաքին առճակատման օրինակով կողմերին չմիացողները մեկուսացված են ու գնահատվում են որպես դավաճաններ:

Իհարկե, կողմերը պետք է որոշեն իրենց անելիքը սեփական պատասխանատվությամբ: Աստված նրանց օգնական ազգօգուտ լուծում գտնելու համար:

Բայց սխալ է այն տեսակետը, որ կողմերին չմիացողները անտարբեր են ճակատագրական իրադարձությունների նկատմամբ: Ավելին, ժողովրդի այդ հատվածում կա կառուցողական մեծ ներուժ:
     Այս պարագայում «ստատուս քվոի» երկարաժամկետ պահպանումը և անհնար է, և հղի արտաքին միջամտության վտանգով: Փակուղու հանդիպելու դեպքում կողմերը պետք է գնան այնպիսի փոխզիջման, որը իրապես կծառայի մեր ժողովրդի հռչակած նպատակներին:

Առաջին հերթին պետք է հրաժարվել արտաքին առճակատման հայտնի տրամադրություններից: Փոխզիջման նպատակը պետք է լինի խաթարված ազգային համաձայնության վերականգնումը:

Փոխզիջումը կիրառվում է էթիկական, սոցիալական, իրավական ու քաղաքական հակամարտությունների լուծման, հետագա կառուցողական գործընթացներ սկսելու համար, երբ ուժային լուծումները անհնար են, վտանգավոր, կամ անցանկալի:
     Հայաստանի օրենսդրությունը խոչընդոտ չէ փոխզիջման դեպքում իրավական լուծումները ձևակերպելու համար:

Փոխզիջումը հնարավոր է ոչ թե կողմերի միջև վստահության (ազնիվ խոսք), այլ իրական երաշխիքների, կամ երաշխավորների առկայության պայմաններում:

Փոխզիջման համաձայնությունից հետո ուժի կիրառման կասկածները անհնար են դարձնում այն կամ համաձայնությունը վեր է ածվում ֆարսի:

Փոխզիջման գործընթացը պետք է բաց լինի և պատշաճ լուսաբանվի հասարակության համար:

Այս հիմնադրույթները ընդունելու դեպքում անհրաժեշտ կլինի անկողմնակալ միջնորդների ու երկու կողմերի պրոֆեսիոնալ մասնագետների մասնակցությունը անհրաժեշտ ձևակերպումները տալու համար:

Հավատացե՛ք, սա լավատեսական տարբերակ է …»:

Հրանտ Խաչատրյան
     Երևան, 22 հուլիսի 2016թ.

3386 | 0
Facebook