Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հյուսիս-Հարավ երկաթուղային նոր համակարգի ամենաբացասական ազդեցությունը կզգա Հայաստանը». Փոլ Գոբլ

16:20, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Հյուսիս-Հարավ երկաթուղային նոր համակարգի ամենաբացասական ազդեցությունը կզգա Հայաստանը». Փոլ Գոբլ

2016 թվականի հուլիսի կեսերի ամենակարևոր աշխարհաքաղաքական իրադարձությունը Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի և Հնդկաստանի միջև համաձայնագրի ստորագրումն է Կովկասում հյուսիս-հարավ երկաթուղու բացման վերաբերյալ: Այդ մասին ասվում է վերլուծաբան Փոլ Գոբլի` The James Town Foundation-ում հրապարակված հոդվածում:

Վերջինը կարծում է, որ այդ համաձայնագիրը ոչ միայն կկապի այդ երեք երկրները, բայց վերջ ի վերջո կկապի երկաթուղային համակարգերը Հնդկաստանից դեպի Իրան և Ադրբեջանի ու Ռուսաստանի տարածքով դեպի Եվրոպա, ինչը լուրջ հետևանքներ կունենա այդ երթուղու երկայնքով ընկած պետությունների և տարածքների համար: Այնուամենայնիվ, երկիրը, որն իր վրա կզգա ամենաբացասական ազդեցությունը, Հայաստանն է, որն այդ համաձայնագրի մասնակից չի հանդիսանում:
     Համաձայնագրի ստորագրումը, վերլուծաբանի կարծիքով, Բաքվի հետ համաձայնության հասնելու՝ Մոսկվայի ջանքերի մի մասն է: Նախադրյալներ կան, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է առաջ քաշել ղարաբաղյան հակամարտության երկաստիճան լուծում. ազդել Հայաստանի վրա՝ Ղարաբաղի 5 շրջաններն Ադրբեջանին վերադարձնելու նպատակով, և ապա բանակցություններ սկսել Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ: «Դրան դեմ է Հայաստանի քաղաքական առաջնորդների մեծամասնությունը և հայ հասարակությունը, սակայն այժմ իրենց երկիրը, հնարավոր է, չի կարողանա արգելափակել սառեցված հակամարտության նման լուծումը»,-գրում է Գոբլը:
     Բացի այդ, համաձայնագիրն ընդգծում է Հայաստանի կարևորության նվազումը Մոսկվայի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հաշվարկներում, ինչպես նաև քրիստոնյա Ռուսաստանի վրա հույս դնելու երկրի անկարողությունը:
     Այս իրավիճակում Հայաստանը հնարավորություններ չունի, ավելին` Իրանն, ըստ ամենայնի, կհրաժարվի դեպի Երևան երկաթուղու կառուցման ծրագրից և կկենտրոնացնի ուշադրությունն Ադրբեջանի վրա: Վերլուծաբանի կարծիքով` Երևանում ոստիկանության պահակապարեկային գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակումը, հնարավոր է, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրների միատեղման ևս մեկ նշան է:

13270 | 0
Facebook