Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշումներ են գործադրում դատապարտյալների նկատմամբ. Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է

17:20, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները ճնշումներ են գործադրում դատապարտյալների նկատմամբ. Հելսինկյան ասոցիացիան ահազանգում է

Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչներն ահազանգում են, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում կալանավորների նկատմամբ անօրինական ճնշումներ են գործադրվում, որում մասնակցություն ունեն նաև ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում դատապարտյալներից Հրաչյա Գևորգյանը խոշտանգումների է ենթարկվում: «Դատապարտյալի նկատմամբ ի սկզբանե ճնշումներ են կիրառվել, նա ենթարկվել է խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի միայն այն պատճառով, որ «ինչ-որ ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա առաջարկ է արել, որից նա հրաժարվել է: Հրաչյան առողջական խնդիրներ է ունեցել, պահանջվել է բուժում: Ապա տեղափոխել են ՔԿՀ-ի հիվանդանոց, որտեղ էլ, ըստ Հրաչյա Գևորգյանի, իրեն թունավորել են, ներարկել նյութ, որի արդյունքում նա ծանր վիճակում է հայտնվել: Տեղափոխում են Հանրապետական հիվանդանոց, որտեղ կոմայի մեջ է ընկնում, 15 օր կոմայի մեջ մնալուց հետո նա ուշքի է գալիս, որից հետո արդեն խոսելու, քայլելու, կուլ տալու ունակությունը կորցնում է: Համապատասխան բուժում տալու փոխարեն նորից տեղափոխում են Նուբարաշեն: Մարդը հնարավորություն չունի ինքնուրույն տեղաշարժվելու, սակայն նրան նույնիսկ պետքարանից օգտվելու համար չեն օգնում»,-տեղեկացրել է փաստաբանը: Նա տեղեկացրեց, որ չնայած այդ հիվանդություններին, այնուամենայնիվ, բոլոր փաստաթղթերում գրվում է, որ Հրաչյա Գևորգյանը համապատախան բուժում է ստանում: «Օմբուդսմենը, Արդարադատության նախարարությանը կից գործող արագ արձագանքման խումբը ևս հաստատել են նույն խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի մասին: Սակայն, ՔԿՀ-ից ասում են` սիմուլյացիա է անում, բայց հավատացնում ենք՝ այդ հիվանդություններով սիմուլյացիա անել հնարավոր չէ»,-ասել է փաստաբանը: Վերջինը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներում միայն 2015թ-ին 25 մարդ է մահացել հիվանդություններից, և որևէ երաշխիք չկա, որ Հրաչյա Գևորգյանը չի լինելու հաջորդը:

3193 | 0
Facebook