Տեղեկատվություն տրամադրելու տեսանկյունից այս տարի ամենաբաց աշխատող կառույցներն են համարվում ՀՀ կրթության և գիտության, Առողջապահության նախարարությունները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է « Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Լիանա Դոյդոյանը: «Համեմատաբար փակ կառույցներն են Ազգային անվտանգության ծառայությունը, ԱԺ-ն, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը, որը մերժում է, չի պատասխանում հարցումներին»,- տեղեկացրել է Դոյդոյանը:
Վերջինի խոսքով, այնպիսի միտում է նկատվում, ըստ որի, գերատեսչություններն սկսել են հարցումներին պատասխանել: «Վերլուծությունը ցույց է տալիս, որ լիարժեք պատասխանների թիվն ամեն տարի աճում է, սակայն դեռ հանդիպում են դեպքեր, երբ պատասխանները լիարժեք չեն: Ի դեպ, եթե նախկինում գերատեսչությունները կարող էին չպատասխանել էլեկտրոնային հարցումներին՝ ասելով, թե օրենքով սահմանված չէ, որ դրանք դիտարկեն որպես պաշտոնական հարցում, ապա 2016 թվականի հունվարի 1-ից պարտավոր են պատասխանել նույն կերպ, ինչպես գրավոր հարցումներին»,- ասել է Դոյդոյանը: