Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մարդիկ ընկել են պանիկայի մեջ». Արթիկի քաղաքապետը` անտուն մնացած արթիկցիների մասին

15:05, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
«Մարդիկ ընկել են պանիկայի մեջ». Արթիկի քաղաքապետը` անտուն մնացած արթիկցիների մասին

Արթիկ համայնքի ղեկավար Արսեն Աբրահամյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք նախօրոք տեղյակ են եղել, որ աննախադեպ տեղումներ են լինելու, բայց չեն պատկերացրել, որ նման վիճակ կարող էր լինել: «Բազմիցս հայտարարել եմ և մնում եմ նույն կարծիքին, որ աղետի պատճառն աննախադեպ առատ տեղումներն են եղել: Շուրջ 1.5 ժամ ինտենսիվ կարկուտ է տեղացել և այդ ամբողջ ջրային զանգվածը խառնվել է ձյան հետ և Արթիկի ձորերով ջուրը շարժվել է դեպի քաղաք: Ես 15 րոպե առաջ հովիվի կողմից տեղեկացված էի, բայց այդ ծավալների մասին չէր կարելի պատկերացնել, անգամ ամենադաժան երազում: Այդ ջրի զանգվածի հետ խոշոր ժայռաբեկորներ խուժել էին քաղաք: Հեղեղատարը բաց է եղել և առանց արգելքների ջուրը հոսել է»,- տեղեկացրել է քաղաքապետը: Նրա խոսքով՝ ջրհեղեղի հետևանքով, Արթիկում վթարային շինություններ չկան:

Արթիկ համայքնի բնակիչներն էլ դժգոհել են, որ իրենց հատկացվելիք գումարն առնվազն մի քանի անգամ քիչ է, քան իրենց կրած վնասը: Բնակիչներից մեկն էլ ասաց, որ իրեն հատկացրել են 1 միլիոն 800 հազար դրամ, սակայն դրանով հնարավոր չի իր տունը վերանորոգել: «Ինձ վարչապետը բնակարան է խոստացել»,- ասել է բնակիչը: Մեկ այլ արթիկցի էլ ասել է. «Ինձ էդ փողը պետք չի: Ես մեր էդ թաղամասում ման գամ, կրնամ հավաքեմ միլիոն 900 հազար չէ, 2 միլիոն, տանեմ, տամ, ասեմ՝ ով որ խեղճ է, տարեք, օգնեք, ես էլ գնամ մե տեղմ բնակվիմ»,- Քաղաքապետը դժգոհություններին ի պատասխան, նշել է. «Մարդիկ ընկել են պանիկայի մեջ և վաղվա օրվա նկատմամբ հավատ չունենալու պատճառով բնակարններ են ուզում, բայց երբ վերանորոգումը ավարտվի, ամեն ինչ կկարգավորվի»:
     Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով, մարդիկ կորցրել են իրենց ունեցվածքը: Վնասվել և առանձին դեպքերում ապրելու համար անպիտան են դարձել նրանց տները, մեծ վնասներ են կրել Արթիկ քաղաքի ենթակառուցվածքները:

2960 | 0
Facebook