Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից՝ հարված գրպանին. «Ժամանակ»

09:40, ուրբաթ, 01 հուլիսի, 2016 թ.
Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից՝ հարված գրպանին. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևաքնով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:
     Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:
     Բանն այն է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ: Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Մոսկվան Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքը ամենայն հավանականությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը կստանա լուրջ մրցակից, կամ ավելի շուտ կվերականգնվի մրցակցային այն արգելքը, որ կար նախկինում: Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: Այն թուրքականի համեմատ մրցունակ չէ նույնիսկ հայկական շուկայում, ուր մնաց ռուսական:
     Ինչ խոսք, ռուս-թուրքական հաշտություն կոչվածը Հայաստանի համար պարունակում է շատ ավելի սպառնալից ու վտանգավոր հեռանկարներ, քան լոկ գյուղմթերքի համար ռուսական շուկայում հնարավոր խնդիրները: Ինչ խոսք, տնտեսական ծանր կացության մեջ գտնվող Հայաստանի համար դա էլ քիչ խնդիր չէ, բայց ռուս-թուրքական հաշտությունը Հայաստանի համար պարունակում է պարզապես ֆիզիկական գոյությանը սպառնացող բազմաթիվ մարտահրավերներ»:
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

3992 | 1
Facebook