Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը մեկնարկեց ճանաչված Հյուբերթ Քեփփելի ելույթով

19:05, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
Երևանյան միջազգային կիթառի 2-րդ փառատոնը մեկնարկեց ճանաչված Հյուբերթ Քեփփելի ելույթով

Երկրորդ տարին անցկացվող փառատոնը հայ կիթառահարներին ժամանակակից դասական կիթառի միջազգային դպրոցին ծանոթանալու, կիթառի սիրահարներին յուրօրինակ երաժշտություն ունկնդրելու և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն կընձեռի: Երաժշտական տոնը մեկնարկեց ճանաչված կիթառահար Հյուբերթ Քեփփելի (Գերմանիա) ելույթով, ով տպավորված էր հայ հանդիսատեսի ընդունելությունից:

«Առաջին անգամ եմ Հայաստանում: Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ժորա Սարգսյանն ընկերս է, եղել է իմ ուսանողը: Նա կազմակերպեց փառատոնը և հրավիրեց ինձ: Ես ուրախ եմ, որ առաջին անգամ այստեղ եմ: Շատ լավ հանդիսատես է»,- ասաց Հյուբերթ Քեփփելը` նշելով, որ շատ կարևոր է, որ փառատոնը պարբերական բնույթ կրի:

Քեփփելն իր սերնդի ամենաազդեցիկ ուսուցիչներից և կիթառահարներից է, վարպետության դասեր է անցկացնում բազմաթիվ միջազգային փառատոնների ընթացքում, ինչպես նաև երաժշտական մրցույթներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ: Նա ժամանակակից դասական կիթառի տեխնիկայի հիմնադիրն է, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում:

Փակման երեկոյին հուլիսի 1-ին հանդես կգա հայտնի կիթառահար Դավիթ Դյակովը (Բուլղարիա):

«Նախորդ տարի մասնակցել եմ Երևանյան միջազգային կիթառի 1-ին փառատոնին: Գիտեմ, թե որքան դժվար է փառատոն կազմակերպելը: Ես նվագել եմ անցյալ տարվա փառատոնի բացմանը: Ինձ բախտ է վիճակվել մասնակցել այս նոր փառատոնի ծնունդին: Կարծում եմ, որ այն երկար տարիներ կուրախացնի մեզ: Այս անգամ եկել եմ, որպեսզի ելույթ ունենամ փառատոնի փակմանը»,-նշեց Դավիթ Դյակովը:

Մասնակիցները հանդես կգան նաև վարպետության դասերով, որոնք բաց կլինեն բոլոր երաժշտասերների համար:

2131 | 0
Facebook