Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախաձեռնությունը պահանջում է կարգալույծ անել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

17:45, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Նախաձեռնությունը պահանջում է կարգալույծ անել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին

«Պետք է կախակայել Արամ Աթեշյանի գործունեությունը» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր, լրագրողների հետ զրույցում, հայտարարել են, որ իրենց գլխավոր նպատակը Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելն է: «Մենք արդեն նամակով դիմել ենք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսին՝ պահանջելով Աթեշյանի գործունեությունը կախակայելու հարցն անպայման մտցնել Գերագույն հոգևոր խորհրդի եռօրյա ժողովի օրակարգ: Կախակայման պատժին պետք է հաջորդի նրան կարգալույծ անելու հարցը»,-ասել է նախաձեռնության անդամ Գոհար Արշակյանը: Նրա խոսքով` Աթեշյանի արարքն ապտակ էր ողջ առաջադեմ հանրությանը, ոչ միայն հայերին, անգամ Թուրքիայի առաջադեմ հանրությանը: «Նա ապացուցեց, որ 101 տարի է անցել Ցեղասպանությունից, սակայն հայը Թուրքիայում մնացել է նույն վախկոտը»,-ասել է Արշակյանը: Աթեշյանի պահվածքն այլևս անհանդուրժելի է և արժանի է խստագույն պատժի՝ իր հերթին նկատել է նախաձեռնության մեկ այլ անդամ` Սոսե Ղլեջյանը:
     Հիշեցնենք, որ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Էրդողանին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»: Ընդ որում՝ նամակում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտնել էր, որ այդ բանաձևի ընդունմամբ հայ ժողովրդին վերաբերող հարցն օգտագործվել է իմպերիալիստական ուժերի կողմից՝ առաջ բերելով հայ ժողովրդի և Պոլսո Հայոց պատրիարքարանի խոր ափսոսանքը:

3562 | 0
Facebook