Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ուշադիր նայել եմ` Բալասանյանի ճակատին որևէ բան չեմ ընթերցել». Վահրամ Բաղդասարյան

15:25, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
«Ուշադիր նայել եմ` Բալասանյանի ճակատին որևէ բան չեմ ընթերցել». Վահրամ Բաղդասարյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հանրապետական կուսակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե ինչ ձևաչափով է մասնակցելու Գյումրիի քաղաքապետի ընտրություններին և ով է լինելու ՀՀԿ-ի թեկնածուն: Հարցին՝ Սամվել Բալասանյանը եղել է ՕԵԿ-ից, հետո ԲՀԿ-ից, հիմա էլ Հանրապետակա՞ն է գրվելու նրա ճակատին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես ուշադիր նայել եմ, Բալասանյանի ճակատին որևէ բան չեմ ընթերցել: Համենայնդեպս մենք թեկնածուների հետ կապված այդքան էլ կուսակցական պատկանելիության վրա չենք սևեռվում, որովհետև մեր կառավարության անդամների մեջ էլ կան անկուսակցականներ, մեր ֆրակցիայի անդամների մեջ էլ կան»:

Խոսելով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին, թե 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հաղթելու է, նա նշեց, որ ցանկացած քաղաքական ուժ հաղթելու վստահությամբ է մասնակցում ընտրական գործընթացներին: «Չեմ պատկերացնում մի քաղաքական ուժի առաջնորդի, որը գնում է ընտրության, բայց հաշտված է պարտության հետ»:
     Անդրադառնալով ՀՕՊ համաձայնագրին` Բաղդասարյանն ասաց, որ ՌԴ-ի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելը բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության շահերից: «Օրերը և ժամերը որոշում ենք մենք, և հրատապության որևէ անհրաժեշտություն չկա: Ինքներդ էլ ականատես եք, որ այստեղ, բացի հայկական շահերից, այլ բան չկա: Կան մարդկային խմբեր, որոնք ցանկանում են շեղում մտցնել, բայց չի ստացվի: Սա համաձայնագիր է՝ ի շահ Հայաստանի, և նման պայմանագրի վավերացումն անհրաժեշտություն է»,- ասաց Բաղդասարյանը:

3410 | 4
Facebook