Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱԻՆ-ը հորդորում է ջրհեղեղի ժամանակ պահպանել անվտանգության կանոնները

13:25, երեքշաբթի, 28 հունիսի, 2016 թ.
ԱԻՆ-ը հորդորում է ջրհեղեղի ժամանակ պահպանել անվտանգության կանոնները

Հաշվի առնելով ամառվա լողաշրջանի բացումը և եղանակային պայմանների հետևանքով գետերի վարարման ու ջրածածկումների վտանգը` ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև գետերի, լճերի ու ջրամբարների հարևանությամբ առանց հսկողության չթողնել մանկահասակ երեխաներին ու դեռահասներին, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
    
     Ջրհեղեղը ցամաքի որոշակի տարածքների ժամանակավոր ջրածածկումն է: Այն կարող է առաջանալ` երկարատև առատ տեղումներից, սառցադաշտերի և ձյան հալոցքի ժամանակ, մեծածավալ և կենտրոնացված ջրի հոսքից, ջրամբարների փլուզումներից, հիդրոկայանների պատնեշների ճեղքումից և երկրի մակերես ստորգետնյա ջրերի հանկարծակի ելքից:
    
     Մինչև ջրհեղեղը`
    
     • նախատեսել փրկարար միջոցների պահուստներ (փրկօղակ, փրկաբաճկոն և այլն)
     • պատրաստել ավազով լցված պարկեր
     • կապիտալ շինարարություն նախաձեռնել միայն համապատասխան պետական մարմինների թույլտվությամբ
     • թունավոր և վտանգավոր նյութերը տեղափոխել ավելի ապահով տեղ
     • անհրաժեշտության դեպքում կահույքը բարձրացնել ջրի սպասվելիք մակարդակից բարձր
     • միշտ պատրաստ պահել աղետի կապոցը
     • պահեստավորել խմելու ջրի և սննդի պաշար (մի քանի օրվա համար):
    
     Ջրհեղեղի սպառնալիքի դեպքում`
    
     • անջատել գազը և էլեկտրականությունը
     • իմանալ բնակավայրերի ռելիեֆը և ջրհեղեղի սպառնալիքի դեպքում այնտեղից անվտանգ հեռանալու
     ճանապարհները
     • հետևել հիդրոօդերևութաբանական ազդարարման նշաններին
     • հետևել տարհանման և ապաստարանի վերաբերյալ տեղեկատվությանն ու կառավարման մարմինների հրահանգներին
     • պատրաստի ունենալ լուսային ազդանշանային սարքեր
     • բնակավայրից հեռանալ չհասցնելու դեպքում տրանսպորտով կամ ոտքով բարձրանալ բարձրադիր վայրեր (բլուր, լեռ և այլն):
    
     Ջրհեղեղի ժամանակ`
    
     • աղետի կապոցը պահպանել թրջվելուց
     • մինչև կառավարման մարմինների համապատասխան հրահանգները մնալ ապաստարաններում
     • ծանծաղ տեղերն անցնելիս հագնել ջրակայուն, պինդ կոշիկներ և օգտվել ձեռնափայտից
     • տանը գտնվելիս ոչ մի դեպքում չօգտվել կենցաղասպասարկման համակարգերից երկրորդածին աղետներից խուսափելու համար
     • օգնության կարիքի դեպքում տալ աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշ, շչակ և այլն):
    
     Չփորձել կտրել-անցնել ջրային հոսքը: 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար:
    
     Ջրհեղեղից հետո`
    
     • ստուգել սննդի պիտանելիությունը
     • սննդամթերքը լվանալ եռացրած ջրով
     • խմելու ջուրն օգտագործել սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո
     • չօգտագործել ջրում հայտնված սննդամթերքը
     • օգտվելուց առաջ ստուգել հաղորդակցության համակարգերը, նրանց վնասվածության աստիճանը
     • հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահել մասնագետներին
     • չմնալ վթարային կամ վստահություն չներշնչող տանը
     • առանց անհրաժեշտության չմտնել ջրածածկ տարածքները:
    
     Ուշադիր հետախուզել կացարանը`
    
     1. հիմքի ամբողջականությունը
     2. պատերի, պատուհանների և հատակի վիճակը
     3. հաղորդակցության համակարգը
     4. թունավոր օձերի հնարավոր առկայությունը:

3620 | 0
Facebook