Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ն Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով». «Ժառանգություն»

12:35, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ն Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով». «Ժառանգություն»
     «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել ՀՕՊ մասին աղմկահարույց համաձայնագրի վերաբերյալ.
    
     «Հունիսի 27-ին, վավերացնելու նպատակով, վերստին Ազգային ժողովի օրակարգ է մտցվում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Ըստ այդ համաձայնագրի, ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կառավարվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն՝ խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանությանը վերաբերող հարցերում (Հայաստանի ու Արցախի ՀՕՊ-երը կազմում եմ մեկ ընդհանուր համակարգ) որոշումներն, ըստ էության, կայացնելու է Ռուսաստանը: Սա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերջին փշրանքներն օտար պետության հանձնելու փորձ է, այն էլ՝ այնպիսի պետության, որի կողմից թշնամի Ադրբեջանին ավելի քան 5 մլրդ դոլարի նորագույն հարձակվողական սպառազինությունների մատակարարման արդյունքում Բաքուն համարձակվեց պատերազմական գործողություններ սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ պատճառելով մարդկային ու տարածքային զգալի կորուստներ: Միայն հայ ժողովրդի վճռականության ու հայ զինվորների հերոսական դիմադրության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել թշնամու շոշափելի առաջխաղացումը եւ խափանել նրա հեռահար ծրագրերը: Անգամ այս ամենից հետո Ռուսաստանն իր բարձրաստիճան պաշտոնյաների շուրթերով հայտարարեց, որ շարունակելու է սպառազինության մատակարարումներն Ադրբեջանին: Մինչդեռ Հայաստանին ընդամենը 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարումը շարունակաբար ձգձգում է՝ փոխարենը, թեկուզ ոչ պաշտոնապես, պայմանավորվելով այս խայտառակ պայմանագրի կնքմամբ: Հայաստանի և Արցախի հանրապետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգն ի զորու է չեզոքացնելու Ադրբեջանի առավելությունը՝ ոչնչացնելով նրա օդուժը: Փաստորեն հայկական ՀՕՊ-ի կառավարումը հանձնվում է մի պետության, որը չի կարող դիտարկվել որպես վստահելի դաշնակից, ավելին՝ որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանի հաջորդ հարձակման ժամանակ Ռուսաստանի հետ միավորված ՀՕՊ համակարգի մասին պայմանագիր ստորագրած Հայաստանը կկարողանա կիրառել իր ՀՕՊ-ն Արցախի երկինքը պաշտպանելու նպատակով, քանի որ Ռուսաստանը համարում է Արցախն Ադրբեջանի մաս: «Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է այս խայտառակ համաձայնագիրը Ազգային ժողովում վավերացնելու ցանկացած փորձ և կոչ է անում ԱԺ բոլոր պատգամավորներին դեմ քվեարկել Արցախի հայկական հողերի հանձնման դավադիր նախագծի հերթական բաղկացուցիչ մաս կազմող ու ապրիլյան քառօրյա պատերազմի տրամաբանական շարունակությունը հանդիսացող այս փաստաթղթին»:
2994 | 2
Facebook