Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՕՊ համաձայնագրին դեմ քաղաքացիները նստացույց կանեն Ազգային ժողովի դիմաց

11:05, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
ՀՕՊ համաձայնագրին դեմ քաղաքացիները նստացույց կանեն Ազգային ժողովի դիմաց
     Այսօր «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները` «Չենք հանձնելու մեր երկիրը օտարին» կարգախոսով բողոքի ակցիա են անցկացնելու` ընդդեմ հայ- ռուսական հակաօդային պաշտպանության միավորված համակարգի:
     Նախաձեռնության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այսօր սկսելու են անժամկետ նստացույց ԱԺ-ի մոտ, քանի որ արտահերթ նստաշրջանը տևելու է 4 օր և անհայտ է, թե որ օրն է համաձայնագիրը դրվելու քվեարկության:
     Բողոքի ակցիայի մասնակիցների նպատակն է ամեն գնով թույլ չտալ այս համաձայնագրի վավերացումը:
     «Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն հրաժարվում իրենց դավաճանական քաղաքականությունից ու կրկին Ազգային ժողովի օրակարգում ընդգրկել են Հակաօդային պաշտպանության ղեկավարումը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու հարցը: Հակաօդային պաշտպանության ղեկավարումն օտար պետությանը հանձնելը դա դավաճանություն է, որը մահացու սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Արցախի բնակչության և մեր զինվորների ու սպաների կյանքը, այլ նաև Հայաստանի: Առավել ևս, որ այդ պետությունն է հանդիսանում Ռուսաստանը, որի բանակը ուշացել է Սումգայիթում ու Բաքվում, երբ Հայ մարդկանց էին կոտորում»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
     Նշենք, որ ժամը 12-ին Ազգային ժողովում կմեկնարկի արտահերթ նստաշրջան, որի ժամանակ կքննարկվի նաև ՀՕՊ համաձայնագիրը:
3002 | 1
Facebook