Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանի ռազմական ավիացիան այսօր դառնում է 24 տարեկան

15:35, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
Հայաստանի ռազմական ավիացիան այսօր դառնում է 24 տարեկան

Ռազմական ավիացիան ազգային բանակի կազմում ստեղծված առաջին զորատեսակներից է։ Այս տարի լրանում է զորատեսակի կազմավորման 24-րդ տարեդարձը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
     ՀՀ ԶՈւ ռազմաօդային ստորաբաժանումները կազմավորվել են հայրենիքի սահմաններում ընթացող պաշտպանական մարտական գործողություններին զուգընթաց` պետության և Ազգային բանակի համար բեկումնային ժամանակահատվածում:

1992թ. հունվարից նորաստեղծ ՀՀ պաշտպանության նախարարության կազմում ստեղծվել է Ավիացիայի և ՀՕՊ զորքերի համատեղ վարչությունը: 1992թ.-ին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ավիացիայի վարչությունն առանձնացվել է ՀՕՊ-ի վարչությունից և դարձել առանձին կառույց, ստեղծվել են առանձին ավիացիոն զորամասեր և ստորաբաժանումներ:

Հետագա տարիներին` բանակաշինության փուլերին զուգընթաց, իրականացվել են ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի զարգացման ու կատարելագործման բազմաբնույթ ծրագրեր, որոնց շնորհիվ էլ ներկայումս զինված ուժերի ավիացիայի վարչությունն իր ենթակա ստորաբաժանումների միջոցով առաջադրված խնդիրներն իրականացնում է հաջողությամբ ու իրենից ներկայացնում է կայացած ու ներդաշնակ մի կառույց:

Այսօր արդեն ՀՀ զինված ուժերում պատրաստվում են հմուտ և փորձառու օդաչուներ: 1992-ին Պաշտպանության նախարարությանը փոխանցված ԴՕՍԱԱՖ-ի աերոակումբի և« Արզնի» օդանավակայանի վերակազմավորման միջոցով 1993թ.-ի ապրիլին հիմնվել է ՀՀ առաջին ռազմաուսումնական հաստատությունը՝ ավիացիոն ուսումնական կենտրոնը: 1994-ին ուսումնական կենտրոնը տեղափոխվեց իր ներկայիս տեղակայման վայր և 2001-ին ուսումնարանի հիմքի վրա ստեղծվեց ռազմաավիացիոն ինստիտուտը: 2005թ.-ին, ի նշանավորումն Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի, ինստիտուտը պաշտպանության նախարարի հրամանով անվանակոչվեց մարշալ Արմենակ Խանփերյանցի անվամբ: Առկա ուսումնամեթոդական և լաբորատոր բազան հնարավորություն տվեց բացի ավիատորներից պատրաստել նաև կապի և ՀՕՊ մասնագետներ: 2016թ.-ին ռազմաուսումնական հաստատությունը ստացավ համալսարանի կարգավիճակ:

Ռազմական օդաչուներն այսօր կատարում են ամենատարբեր առաջադրանքներ` ՀՕՊ ստուգողական թռիչքներ, ամենաբարդ եղանակային պայմաններում զինծառայողների տեղափոխում հոսպիտալներ, ընդգրկվում են մարտական կրակով անցկացվող զորավարժություններում:

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մասնագետները մշտապես հաջողությամբ համագործակցում և վերապատրաստվում են Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և այլ կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի և զորավարժությունների շրջանակներում։

ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի մարտունակ ստորաբաժանումները հարկ եղած դեպքում իրենց ծանրակշիռ ներդրումը կունենան երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:

2927 | 0
Facebook