Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ճշմարտությունից վախենալ պետք չէ, դրանով պիտի գա մեր բոլորի փրկությունը». Լուսինե Գևորգյան

16:10, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
«Ճշմարտությունից վախենալ պետք չէ, դրանով պիտի գա մեր բոլորի փրկությունը». Լուսինե Գևորգյան

«Ժիրայրի հետ ծանոթացել եմ Մաշտոցի պուրակի պայքարի ժամանակ։ Հասկանում էի, որ իմ դիմաց հերոս է՝ միանգամից զգում ես, որ խարիզմա ունի մարդը, առավել ևս հետաքրքրվեցի նրա անձով, երբ իմացա, որ բուսակեր է։ Լրիվ այլ տիպի մարդ է, նույնիսկ լուռ վիճակում այլ էներգետիկա ունի, ուրիշ ձգողականություն, ու դա իր ազնիվ տեսակից է, ոչ մի բանի կարիք չունի, ապրում է շատ սուղ միջոցներով, սակայն չի կարող կուլ գնալ անազնիվ ինչ-որ քաղաքական մախինացիաների, միշտ վստահ կարող ես հույս դնել իր վրա, քանի որ նա պատկանում է այն մարդկային տիպին, որ կոպիտ ասած՝
     «չի քաշի»»,- MAMUL.am-ի հետ զրույցում Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ իր վերաբերմունքի մասին անկեղծացավ կինոռեժիսոր Լուսինե Գևորգյանն, ով միշտ ուշադիր հետևել է վերջինի գործունեությանը։ Անդրադառնալով նրա ձերբակալությանը` Լ.Գևորգյանը կարծիք հայտնեց, որ պետք է այդ մասին գոռալ, պետք չէ լռել, քանի որ դրանից վատ բան չկա:

«Այս պահին քաղաքական դաշտը մեծ պոտենցիա չունի, քանի որ մարդկանց խաբեցին տարբեր քաղաքական ներկայացումներով ու անմակարդակ շոուներով, մարդիկ այլևս չեն ուզում խաբված լինել։ Սակայն շատ հուզվեցի, երբ տեսա օրինակ, որ Րաֆֆին ու Ժիրայրը կրկին միասին են, քանի որ բոլորս հիշում ենք վերջին նախագահական ընտրությունների ելքը։ Ես զգում եմ, որ նրա հետևում նախախնամությունն է։ Երբ ընդհանուր դաշտը ճահճացած է, ու թվում է թե չկա լուծում, սերմերը այլևս ծիլ չեն տալիս, ազգի աստրալը՝ ազգի հոգին, իր գրկից հանում է նոր մարդկանց, նոր էություններ, որ պիտի տանեն ազգի բեռը, որ ազգի ոգու կրողն են։ Նրա հետևում կան հզոր սրբեր, քանի որ հենց այն, որ նա Ղարաբաղյան պատերազմից մեզ է հասել ողջ, արդեն լուրջ նշան է»,- ասաց Լուսինեն։

«Քանի՞ հերոս ունենք այս մասշտաբի, որ ողջ են։ Ղարաբաղյան հարցը մեծ կորուստների է տանում ու դեռ հայտնի չէ, թե ինչքան կտանի, սակայն շատ լավ գիտակցում եմ, որ Սեֆիլյանը ուրիշ տարբերակ չունի. Ղարաբաղում են թաղված նրա բազմաթիվ զինվորներ: Իր մարդկանց արյան գնով վերցրել է Շուշին ու ամեն մի գրամ հողը նրա ջղերի հաշվին է, որ այսօր դեռ քրիստոնյաներինս է։ Գուցե ես էլ, եթե լինեի նրա տեղը, լավ իմանալով, որ վտանգում եմ ինձ՝ չլռեի։ Սակայն միթե՞ դրա համար կարելի էր նրան ազատազրկել։ Ես դա չեմ հասկանում։ Ի՞նչ պիտի աներ նա, եթե մնար ազատության մեջ»:

Կինոռեժիսորը վստահ է, որ նորից Սեֆիլյանին կտեսնենք ազատության մեջ, շրջապատված իրեն սիրող մարդկանցով. «Չէ որ այդ շփումների մեջ է ծնվում իսկական ճշմարտությունը, իսկ ճշմարտությունից վախենալ պետք չէ, դրանով է գալու մեր բոլորի փրկությունը»,- ամփոփեց Լուսինե Գևորգյանը:

4876 | 2
Facebook