Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հռոմի Պապի «ցեղասպանություն» արտասանելը կարող է կրկին լարվածություն առաջացնել Թուրքիայի և Վատիկանի միջև. միջազգայն պարբերականների անդրադարձը

21:55, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Հռոմի Պապի «ցեղասպանություն» արտասանելը կարող է կրկին լարվածություն առաջացնել Թուրքիայի և Վատիկանի միջև. միջազգայն պարբերականների անդրադարձը
     Ֆրանցիսկոս Պապը Հայաստան կատարած այցի առաջին օրը դատապարտել է 1915-ին տեղի ունեցած հայոց զանգվածային կոտորածը` այն կրկին անվանելով թուրքերի կողմից իրականացված «ցեղասպանություն»: Մի շարք միջազգային պարբերականներ անդրադարձել են Պապի այս հայտարարությանը:
     The Wall Street Journal պարբերականը՝ անդրադառնալով թեմային ընդգծել է, որ այս քայլը կարող է կրկին լարվածության հանգեցնել Թուրքիայի և Վատիկանի միջև:
     BBC թուրքական ծառայությունն էլ գրում է, որ «Հայաստան այցելությունից առաջ Վատիկանից եկած նշանները ենթադրել էին տալիս, որ Պապը խուսափելու է «ցեղասպանություն» ասելուց: Վատիկանի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին, անդրադառնալով այդ բառի մասին մեկնաբանություններին, ասել էր, որ «չեն ցանկանում քաղաքական թակարդն ընկնել»: Դրանից հետո հայ ժողովրդին հղած տեսաուղերձում Ֆրանցիսկոս Պապը եզրույթը չէր օգտագործել, ինչի պատճառով տպավորություն էր ստեղծվել, որ նա ցանկանում է խոսափել Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական նոր խնդիրներից:
     Հոդվածում նշվում է, որ Պապի ելույթի տեքստի գրավոր տարբերակը նախապես բաժանված է եղել հավատարմագրված լրագրողներին, որտեղ «ցեղասպանություն» տերմինի փոխարեն «Մեծ եղեռն» է գրված եղել, սակայն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպված ընդունելության ընթացքում Ֆրանցիսկոս Պապը շեղվել է գրված տեքստից ու 1915-ի դեպքերը կոչել «ցեղասպանություն»:
     Associated Press գործակալությունն էլ նշել է, որ Ֆրանցիսկոս պապը, որը երբեք չի ամաչում իր կարծիքն արտահայտել, նախագահական պալատում ունեցած ելույթում վերջին պահին ավելացրեց այդ բառը՝ դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, քաղաքական և կրոնական առաջնորդներին, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Նրանք Պապին պատասխանեցին հոտնկայս ծափահարություններով,-այսպես է եզրափակում հոդվածը պարբերականը:
2953 | 0
Facebook