Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ի՞նչն է դեղագետ Արամ MP3-ին դարձրել երգիչ, դերասան ու հումորիստ

14:05, ուրբաթ, 24 հունիսի, 2016 թ.
Ի՞նչն է դեղագետ Արամ MP3-ին դարձրել երգիչ, դերասան ու հումորիստ

Հունիսի 23-ին «Բար Կարոլա» ակումբում մշակութային հանդիպումների հերթական հյուրը երգիչ-երգահան, հումորիստ, շոումեն և դերասան Արամ MP3-ն էր՝ Արամ Սարգսյանը։ Արտիստը նշեց, որ միշտ ուրախ է հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց, տեսնել, թե ինչով են ապրում, հետաքրքրվում նրանք։ Իսկ ներկաների հարցերին տրված պատասխաններն անկեղծ էին, հանդիպման մթնոլորտը՝ անկաշկանդ։
    
Ինչպե՞ս եղավ, որ բժշկականում սովորող դեղագետ Արամ Սարգսյանը դարձավ բեմի մարդ։ «Սերը բեմի, ոչ ճշգրիտ առարկաների նկատմամբ շատ մեծ էր, այնքան, որ բժշկական համալսարանի 2-րդ կուրսից սկսեցի մասնակցել «ԿաՎեԷն» հումորային ծրագրի շոուներին, և ես ու իմ ընկերները, որոնք տարբեր բուհերի ուսանողներ էին, հասկացանք, որ դասերին նստել դասախոսություններ գրելը մեզ համար չէ։ Մենք մեր մեջ զգացել էինք այն ադրենալինի քանակը, որ ստացել էինք ծափերից, ողջույններից ու դրական էմոցիաներից։ Այդտեղ էր, որ հասկացանք՝ մասնագիտության հարցում ճիշտ չենք եղել»,- այսպես է նկարագրել դեղագետից երգիչ, դերասան դառնալու իր ճանապարհն Արամ MP3-ն։ Նա երիտասարդներին խորհուրդ տվեց, չսխալվել մասնագիտության ընտրության հարցում, անել այն, ինչ սիրում են, և ինչ սիրտն է թելադրում։

Խոսելով ֆիլմերում մասնակցության մասին՝ երգիչը նշել է, որ նկարահանման առաջարկներ միշտ էլ եղել են, բայց փորձել է ընտրել այնպիսի դեր, այնպիսի ֆիլմ, որում կկարողանա իրեն հարմար զգալ։ Եվ ըստ նրա՝ «Առաջին դեմքը» հենց այդ ֆիլմերից է։
    
Ի՞նչ տվեց Եվրատեսիլին մասնակցությունը։ Արամ MP-ին խոստովանեց, որ առաջին հերթին՝ ճանաչում, ճանաչում ոչ միայն Հայաստանում, այլև դրսում, մեծ փորձ, և հնարավորություն պարգևեց հետագա աշխատանքներում լինել ավելի պրոֆեսիոնալ. «Իմ փորձի, ձեռքբերումների շնորհիվ ես կարողացա վերջերս անել համերգ, որը նորություն էր Հայաստանում։ Եվրատեսիլը հայ իրականության մեջ արտիստի համար առավելագույն կետն է։ Ցավոք, այդպես է։ Մենք դեռևս չունենք լծակներ, որպեսզի ապրելով, ստեղծագործելով այստեղ՝ ճանաչում ունենանք արտերկրում, Արևմուտքում, որտեղ շոու բիզնեսն իրոք շոու բիզնես է։ Ցանկացած արտիստի համար դա լավ փորձառություն է, լավ ցատկահարթակ դեպի հաջողություն»։
    
Ի՞նչն է խանգարում շնորհալի շատ երիտասարդների ճանաչելի դառնալ։ Ըստ ակումբի հյուրի՝ շատ կարևոր է ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվելը. «Արտիստը պետք է լինի աշխատասեր, քանի որ ծուլությունն անմիջապես զգացվում է բեմից, հանդիսատեսը նկատում է այն։ Լավ երաժիշտների նյարդերն էլ շատ հաճախ տեղի են տալիս համատարած «տաշի-տուշի» երաժշտության պայմաններում, և լքում են ասպարեզը»։
     Այդուհանդերձ, երգիչը
նկատում է, որ շոու բիզնեսը շատ հետաքրքիր բնագավառ է և ամենակարևորը՝ անկանխատեսելի. չգիտես վաղվա օրն ինչ է լինելու։
    
Ի՞նչ է նախընտրում կարդալ։ Արամ MP3-ի վերջին գիրքը մեկ ամիս առաջ կարդացած Գի դը Մոպասանի «Սիրելի բարեկամ» վեպն է։
    
Ի պատասխան երիտասարդների հարցի՝ նշեց, որ այլ երկրում չի ապրի։ Նա խորհուրդ տվեց ներկաներին գնալ դուրս, սովորել, վերապատրաստվել, ճանաչել աշխարհը, բայց վերադառնալ հայրենիք, զարգացնել սեփական երկիրը։
    
Ո՞րն է այն դերը, որ կցանկանար խաղալ, և դա կատակերգակա՞ն, թե՞ դրամայի ժանրից է։ Արտիստը նշեց, որ ցանկացած կատակերգակ իր ներսում տխուր անձնավորություն է. «Ես կնոջս և երեխայիս մոտ ավելի շատ լուռ, լուրջ մարդ եմ։ Իմ հոգու բավարարվածության համար ես կընտրեմ դրաման, որտեղ ես կկարողանամ ամբողջությամբ ցույց տալ իմ էությունը։ Բայց չգիտեմ՝ հանդիսատեսն արդյոք կհասկանա՞ այդ Արամ MP3-ին»։

3847 | 1
Facebook