Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Բազե» հավաքի ընթացքում այս տարի անցկացվելու են նաև ռազմական պատրաստվածության դասընթացներ

19:05, կիրակի, 26 հունիսի, 2016 թ.
«Բազե» հավաքի ընթացքում այս տարի անցկացվելու են նաև ռազմական պատրաստվածության դասընթացներ

Օգոստոսի 22-28-ը կանցկացվի «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքը։ Ինչպես ամեն տարի՝ Ծաղկաձորում կհամախմբվեն շուրջ 500 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող «Բազե» հավաքի հիմնական նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդների, նրանց տալ ինքնադրսևորման հնարավորություն, մասնակիցների շրջանում սերմանել թիմային աշխատանքի և արդար մրցակցության ոգի։ Հավաքի ընթացքում մասնակիցներն ուժերը կչափեն սպորտային, մշակութային և ինտելեկտուալ խաղերում։

Այս տարի ծրագրում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես, մշակութային մրցույթներում ավանդական մրցաձևերին (երգ, պար, նկարչություն, նորաձևություն) գումարվել են նաև հումորային համարի և փոքրիկ ֆիլմի պատրաստումն ու ներկայացումը։

«Բազե» հավաքի տնօրեն Հրաչյա Ստեփանյանի փոխանցմամբ` այս տարի հավաքի ընթացքում անցկացվելու են նաև ռազմական պատրաստվածության դասընթացներ, որոնց ընթացքում մասնակիցները սովորելու են մարտարվեստ, հաղթահարելու են տարբեր փորձություններ, անցնելու են առաջին բուժօգնության դասընթացներ։ Նշենք, որ «Բազե» երիտասարդական հավաքն առաջին անգամ անցկացվել է 2002 թվականին, և ամեն տարի այն սպասված ու պահանջված ծրագիր է մեծաթիվ երիտասարդների համար։

2647 | 0
Facebook