Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սերիալ նկարելիս մերոնց մոտ կամ տափակ ու գռեհիկ կոմեդիա է ստացվում, կամ՝ անվերջանալի կրիմինալ». Քրիստ Մանարյան

13:10, հինգշաբթի, 23 հունիսի, 2016 թ.
«Սերիալ նկարելիս մերոնց մոտ կամ տափակ ու գռեհիկ կոմեդիա է ստացվում, կամ՝ անվերջանալի կրիմինալ». Քրիստ Մանարյան
     Երբ ես ապրում ու աշխատում էի Ամերիկայում՝ հայկական հեռուստատեսություններում դեռ սերիալներ չկային: Հետո կամաց-կամաց սկսեցին գլուխ բարձրացնել ու հիմա հեղեղել են եթերները կասկածելի որակով ու չեղած ասելիքով: Փաստորեն սերիալ նկարելիս մերոնց մոտ կամ տափակ ու գռեհիկ կոմեդիա է ստացվում, կամ՝ անվերջանալի կրիմինալ: Արանքը ոչինչ չկա: Ախր ո՞վ ասեց, որ էդքան կրիմինալ ա կյանքը Հայաստանում: Առավել ևս՝ հայկական Ամերիկայում: Թե՞ էլի մեջ եք բերելու էդ սուտ արդարացումը՝ ՙԺողովուրդն էդ ա սիրում…՚: Ամոթ ա, մի թաքնվեք ժողովրդի թիկունքում՝ ձեր հում ականջները ձեզ մատնում են:
     Որտեղի՞ց եք վերցնում էդ միանման, հանցավոր սյուժետներն ու ձգում, ձգում ծամոնի պես, որ հեռուստադիտողին եթերի թմրամոլ սարքեք: Սցենարիստներ, հերիք չի՞, գլխներիցդ դեռ ծուխ դուրս չի՞ գալիս մեկը մյուսից դժբախտ կերպարներ կերտելիս…ռեժիսորներ /եթե կան էդպիսիք սերիալներում, որովհետև հաճախ չեն էլ լինում/՝ մի տեղ կանգ առնելու ե՞ք: Դերասաններ, ամենաշատ տուժող խավ, իմ լավ ընկերներ ու կոլեգաներ, դուք ախր մեծամասամբ շնորհքով ու օժտված մարդիկ եք և էստեղ, և՝ Ամերիկայում՝ էդ անհետաքրքիր, սխեմատիկ, մեռած երկխոսություններից դեռ չե՞ք հոգնել: Ինչքա՞ն պիտի խորիմաստ տեսքերով սենյակներում, սեղանների շուրջ նստած մերկապարանոց ֆրազներ արտաբերեք, ինչքա՞ն պիտի տառապեք էկրանների առաջ՝ դրամատիկ, հոգեցունց երաժշտության տակ, իրար վրա ատրճանակներ պարզած:
     Հա, մի քանի կրիմինալ սերիալ կարող էր լինել, ամեն երկրում էլ կան: Բայց էսքան շա՞տ: Ու էսքան անվերջանալի՞: Հավատում ե՞ք թե չէ՝ ինձ էլ են առաջարկել նման նախագծերի մասնակցել: Բայց մերժել եմ, ազնվությամբ: Շատ ավելի գայթակղիչ առաջարկներ են էղել: Բայց չեմ կամեցել մի քար ավել կապել տեղից հոգնած, բեզարած ու մի լուսավոր, պայծառ, ճաշակով բանի կարոտ մեր հեռուստադիտողի վզին:
     Դուք էս ամենից դեռ չեք հոգնե՞լ: Իսկ այ ժողովուրդը, կարծում եմ՝ հոգնելու վրա յա վաղուց: Էն ժողովուրդը, որի ՙխնդրանքով ու կամքով՚ անվերջանալի հանցագործություններ, ցավ, տառապանք ու կսկիծ եք լցնում եթերներից դույլերով: Էդ նույն ժողովրդի գլխին:
4126 | 0
Facebook