Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Ո՞րն է կոռուպցիայի հաջորդ օղակը. «Ժամանակ»

10:10, չորեքշաբթի, 01 հունիսի, 2016 թ.
Ո՞րն է կոռուպցիայի հաջորդ օղակը. «Ժամանակ»

«Հայաստանում ձերբակալվել են ՊՆ գեներալ, երկու գնդապետ: Սա պաշտպանության նախարարությունում ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի սկսած պաշտոնանկությունների գործընթացի շարունակությունն է: Մինչև ուր այն կհասնի, բնականաբար, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել՝ գործ ունենք որոշակի իմիտացիայի՞, թե՞ իրապես հակակոռուպցիոն գործընթացի հետ: Ի վերջո, գեներալի ձերբակալությունը կատակ բան չէ: Մյուս կողմից՝ Հայաստանում եղել են ոչ պակաս աղմկոտ ձերբակալություններ, սակայն դրանք, ի վերջո, ավարտվել են անաղմուկ ներումներով՝ չտալով որեւէ համակարգային էֆեկտ:

Եվ այս տեսանկյունից, իհարկե, բացի հարցադրումից՝ իմիտացիա է, թե ոչ, առկա է մեկ այլ հարցադրում էլ՝ եթե ոչ իմիտացիա, ապա ի՞նչ նպատակով կամ մոտիվով: Այսինքն՝ մոտիվը, նպատակը Հայաստանում առկա համակարգային խնդիրնե՞րն են, մասնավորապես պաշտպանական ոլորտում, որոնք բացվեցին ապրիլյան պատերազմին, թե՞ ապրիլյան պատերազմի ընթացքում բացվել են մի շարք այլ խնդիրներ, որոնք ոչ թե պետական կառավարման համակարգի տեսանկյունից են հրատապ, այլ ներիշխանական համակարգի: Այսինքն՝ այս գործընթացով լուծվում են պետակա՞ն կարևորության, թե՞ ներիշխանական նշանակության հարցեր: Եվ սա, իհարկե, ավելի էական հարցադրում է, քան իմիտացիա-ոչ իմիտացիա հարցադրումը:

Սրանից է կախված հասարակությունը կտեսնի՞, պետությունը կզգա՞ տեղի ունեցողի համակարգային էֆեկտ, թե՞ ոչ: Որովհետեւ անգամ իմիտացիան համակարգային էֆեկտ ունենում է, թեկուզ այդ էֆեկտը փոքր լինի, եթե մոտիվը պետական կարեւորությունն է, այսինքն՝ եթե իմիտացիան կատարվում է պետական համակարգի արդյունավետության գոնե քարոզչական շարժառիթով եւ չկա ներիշխանական շարժառիթը:

Իսկ եթե կա ներիշխանական շարժառիթը, ապա այստեղ անգամ ամենաանկեղծ ու իրական գործընթացը վերածվում է ընդամենը «ռազբորկայի», որի հետ արդեն պետական շահը չունի որևէ առնչություն, քանի որ այդօրինակ ներիշխանական «ռազբորկաները», որպես կանոն, ներառում են և հանգուցալուծվում են նաև պետական ռեսուրսների բաշխումով կամ վերաբաշխումով: Ահա այս տեսանկյունից է պետք դիտարկել պաշտպանական բնագավառում սկսած պաշտոնանկությունները, որոնք շարունակվում են ձերբակալություններով:

Վերջին հաշվով, եթե այստեղ գործ ունենք պետական հրամայականների հետ, ապա գործընթացը սկսելով ՊՆ-ից՝ ըստ էության չի կարող կանգ առնել և պարփակվել ՊՆ շրջանակում, և այն պետք է շատ արագ ներառի նաև պետական կառավարման համակարգի այլ ոլորտներ: Որովհետեւ պետական կոռուպցիան շղթա է եւ չի կարող կոռուպցիա լինել կարեւորագույն մի ոլորտում՝ ՊՆ-ում, ու չլինել այլ ոլորտներում: Եվ ուրեմն՝ չի կարող կոռուպցիան արմատախիլ արվել առանձին վերցրած մեկ ոլորտում, հետևաբար, եթե այն սահուն և ներդաշնակ կերպով չի տարածվում այլ օղակների վրա, ուրեմն այստեղ հրամայականները պետական չեն:

Հենց դա պետք է լինի տեղի ունեցողի հանրային գնահատականի կամ չափորոշիչի մեկնակետը կամ հենման կետը: Ըստ այդմ՝ եթե նման դեպքերում դրվում է հարց, թե ով է հաջորդ պաշտոնյան, ապա տվյալ պարագայում այդ հարցն արդեն բավական մանր է՝ հաշվի առնելով, որ խոսքը վաղուց արդեն պետության ճակատագրի մասին է: Տվյալ պարագայում հարցը պետք է լինի, թե որն է հաջորդ ոլորտը»:
    
     Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

2963 | 1
Facebook