Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նախարարները հրաման են ստորագրել քառօրյա պատերազմից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու վերաբերյալ

17:15, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Նախարարները հրաման են ստորագրել քառօրյա պատերազմից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները լուծելու վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 31-ին ստորագրել են համատեղ հրաման: Հրամանով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ. տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


     Հրամանի կատարումը վերահսկում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները:


     Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:


     «Մեր վերջին հանդիպումից հետո մանրամասն քննարկել ենք առաջադրված բոլոր խնդիրներն ու հարցադրումները: Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտպանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու համար»,- ասել է նախարար Արտեմ Ասատրյանը:


     Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը: «Ուզում եմ իմ գործընկերների կողմից ողջունել և կարևորել մեր համատեղ աշխատանքը: Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը:


     Հանդիպման ավարտին նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին համատեղ երկրորդ հանդիպումը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում անցկացնելու հրավերն ընդունելու և կատարված աշխատանքներն ու առաջիկա անելիքները քննարկելու համար:

3115 | 1
Facebook