Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ինչո՞ւ են «զեբրայից» հետո դնում արագաչափը, եթե ուզում են պահպանել արագության համապատասխան ռեժիմը». Արսեն Պետրոսյան

14:35, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
«Ինչո՞ւ են «զեբրայից» հետո դնում արագաչափը, եթե ուզում են պահպանել արագության համապատասխան ռեժիմը». Արսեն Պետրոսյան

Երեկվանից գործարկվել է Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղադրված արագաչափ սարքը՝ Մյասնիկյան-Հերացի փողոցների խաչմերուկից Գայի պողոտա ուղղությամբ՝ Կենդանաբանական այգու հարևանությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 70 կմ/ժ է:

Օրերս Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանն էլ ԱԺ-ում լրագրողներին տեղեկացրեց, որ արագության տեսագրանցման սարքերի թիվը կարող է ավելանալ: «Այժմ քաղաքի տարբեր հատվածներում տեսախցիկներ դնելու անհրաժեշտություն եմ տեսնում, կավելացնենք տեսախցիկների թիվն այնքան, որքան կպահանջվի»,- ասաց նա:

Պաշտոնյան հավելեց նաև, որ հանրության շրջանում արագաչափերից որևէ դժգոհություն չկա, հակառակը` կան հազարավոր դիմումներ, երբ հանրությունը, համայնքների ղեկավարները, կոլեկտիվներն իրենք են դիմում, խնդրում են ուղղակի տեղադրել արագաչափ:

Փորձառու վարորդ Արմեն Եփրեմյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՃՈ-ի կողմից քաղաքի տարբեր հատվածներում պարբերաբար տեղադրվող տեսանկարահանող սարքերին և արագաչափերին, միևնույն ժամանակ` արձագանքելով վերոնշյալ հայտարարությանը, թե դրանց թիվը կարող է ավելանալ, վրդովմունք հայտնեց, որ դա մեր երկրի ղեկավարության կողմից թերևս ամենամեծ չարիքն է իր ժողովրդի ու յուրաքնարչյուր քաղաքացու հանդեպ. «Շատ հմուտ վարորդներ կփաստեն, որ հենց այդ սարքերի պատճառով բազմաթիվ խախտումներ են արել և անհիմն տուգանվել: «Դրանք խախտումներ ստեղծող հանգամանքներ են, ոստիկանությունն ինքն էլ շատ լավ գիտի, բայց, հասկանալի պատճառներով, շահագրգռված չէ վերացնելու այդ հանգամանքները, քանի որ դրանցից փող է գնում որոշ մարդկանց գրպանները»:

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ասաց, թե չի բացառում, որ կարող են լինել մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել իրենց աշխատավայրի, բնակարանների կամ մանկապարտեզների մոտ արագաչափեր տեղադրել. «Ես միշտ ասել եմ` այդ արագաչափերը պետք է ինքնանպատակ չլինեն, մինչդեռ, փաստորեն, դրանցից գոյացած գումարը միայն հատուկենտ մարդկանց գրպանն է մտնում: Իսկ եթե այդ ճանապարհահատվածը, ենթադրենք, պահանջում է որոշակի սահմանաչափ արագության երթևեկություն, ուրեմն թող տեղադրեն ռադարներ, որպեսզի վարորդներն ավելորդ չտուգանվեն: Թող ռադարներով կամ ինչ-որ փարոսիկներով հեռվից, որպես ազդանշան, նախազգուշացնեն, որ թե´ օրը ցերեկով, թե´ երեկոյան, մարդիկ հեռվից նկատեն և սահմանված արագությունը պահպանեն: Այսպես, կարծում եմ, նաև նպատակային կլինի, բայց իրենք այլ գործելաոճ են ընտրել. այդ արագաչափերը տանում, տեղադրում են ինչ-որ ծառերի հետևում, չկան համապատասխան գովազդային նախազգուշացնող նշաններ, թե, ասենք, տվյալ հատվածում ինչ արագություն պիտի պահպանեն վարորդները և այլն: Եթե այդ գործընթացը ՃՈ –ի կամ մյուս նախաձեռնողների կողմից արվի այնպես, որ վարորդները նպատակային երթևեկեն սահմանված արագության տակ, մենք միայն կողջունենք»,- ասաց Ա. Պետրոսյանը:

«Նրանց գործելաոճն այս տարիների ընթացքում բերում է նրան, որ մենք նաև ենթադրություն ենք անում, համոզվում ենք, որ իրենց նպատակը մարդկանց գրպանը թեթևացնելն է»,- նկատեց նախաձեռնության անդամը` բերելով օրինակներ. «Բազմաթիվ օրինակներ կարող եմ նշել, որտեղ «զեբրաներից» հետո են դնում այդ արագաչափը: Ինչո՞ւ մինչև «զեբրան» չեն դնում, եթե ուզում են պահպանել արագության համապատասխան ռեժիմը: Օրինակ` Աճառյան փողոցի հատվածում, «զեբրայից» հետո է դրված: Ամբողջ տարին մի հատ վերամբարձ կռունկ է կանգնած, արագաչափն էլ` այդ վերամբարձ կռունկի հետևում է թաքցված, մյուսը` ծառի…»,- ասաց նա` կարծիք հայտնելով, որ նման գործելաոճում պետք է լուրջ փոփոխություններ իրականացնի ՃՈ-ն, ինչը նաև վարորդների մոտ վստահություն կառաջացնի դեպի այդ տեղադրված սարքերը:

«Փոխանակ սոցիալական ծանր վիճակում գտնվող ժողովրդի վիճակը թեթևացնելու, ինչ-որ անհատի գրպանը լցնելով են զբաղված, նկատի ունեմ «Սեքյուրիթի Ղրիմ» ՍՊԸ-ին, իսկ մնացած գումարները ո՞ւր են գնում, չգիտենք»,- տարակուսանք հայտնեց Ա. Պետրոսյանը:

Նրա կարծիքով, քանի որ տեսանկարահանող սարքերը ոչ բյուջեն են ավելացնում, ոչ էլ վրաերթերն են նվազեցնում, ճիշտ կլինի, եթե խզվի «Սեքյուրիթիի» հետ պայմանգիրը և այդ ընկերությանն ուղղված գումարներն ուղարկեն Արցախի ՊԲ-ի սպառազինմանը:

3636 | 1
Facebook