Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բախտի բերմամբ չեմպիոն դարձած չմշկավազորդը

01:05, երեքշաբթի, 31 մայիսի, 2016 թ.
Բախտի բերմամբ չեմպիոն դարձած չմշկավազորդը
     2002-ի Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային օլիմպիական խաղերը պատմության մեջ մտան ոչ միայն անարդար մրցավարությամբ, այլև զավեշտալի մի քանի դեպքով։ Դրանցից մեկը ավստրալացի չմշկավազորդ Սթիվեն Բրեդբերիի հաղթանակն է։ 2002-ի օլիմպիական խաղերին Բրեդբերին արդեն 29 տարեկան էր։ Անցյալում էին նրա՝ 1991-ի աշխարհի չեմպիոնի ոսկե և 1994-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալները։ 2002-ին նրանից ոչ ոք լուրջ ակնկալիք չուներ, բոլորն սպասում էին Ապոլո Անտոն Օնոյի ոսկին, քանի որ նա վերջին տարիների ակնհայտ ֆավորիտն էր։ 2002-ի օլիմպիական խաղերի վարկանիշ Սթիվենը ձեռք էր բերել՝ հանձնելով բոլոր նորմատիվները, բայց ԱՄՆ մեկնում էր առանց որևէ ակնկալիքների։ Ճակատագիրը, սակայն, այլ կերպ դասավորվեց։ 1000 մ մրցուղու ¼ եզրափակչում Բրեդբերին 3-րդն էր, ինչը նշանակում էր, որ նա դուրս է մնում հետագա պայքարից։ Սակայն 2-րդ տեղը զբաղեցրած մարզիկը որակազրկվեց, և Սթիվենը հնարավորություն ստացավ մասնակցել կիսաեզրափակիչ փուլին, որտեղ եզրափակում էր հնգյակը, բայց վերջին շրջանը փոխեց ամեն ինչ։ 4-րդ տեղով ընթացող մարզիկը հարվածեց պատնեշին, իսկ 2-րդ և 3-րդ տեղով ընթացողները բախվեցին միմյանց։ Բրեդբերին եզրագծին հասավ երկրորդը՝ դուրս գալով եզրափակիչ փուլ։
Եզրափակչում Բրեդբերին, ինչպես և ակնկալվում էր, ընթանում էր վերջին տեղով։ Առաջատարն էր ամերիկացի Ապոլո Անտոն Օնոն։ Վերջին շրջանին, երբ եզրագծին հաշված մետրեր էին մնացել, մարզիկներից մեկը տապալում է բոլորին, բացի Բրեդբերիից, ով հետ էր մնում առաջատարներից։ Օգտվելով ստեղծված իրավիճակից՝ Սթիվենն առաջինն է հատում եզրագիծը՝ նվաճելով օլիմպիական խաղերի ոսկե մեդալը։
Ի դեպ, ավտսրալացին պատմություն կերտեց՝ դառնալով ձմեռային օլիմպիական խաղերի պատմության ավստրալացի առաջին չեմպիոնը։
12480 | 0
Facebook