Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«8-ամյա դպրոցականը կարող է Ադրբեջանում տուժել հենց միայն իր ազգանվան համար». Դ. Դվորնիկով

12:00, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
«8-ամյա դպրոցականը կարող է Ադրբեջանում տուժել հենց միայն իր ազգանվան համար». Դ. Դվորնիկով

Ռուս հրապարակախոս Դենիս Դվորնիկովը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով այս գիշեր հայկական ազգանուն ունեցող Լուկա Վարդանյանին Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից արտաքսելու միջադեպին, գրում է. «Պատկերացնենք 8-ամյա վրացի մի տղայի, ով ընկել է Աբխազիա: Հետևանքներ՝ չի մրսի, սոված չի մնա, կխաղա ուրիշ երեխաների հետ:

Պատկերացնենք աբխազ տղայի, ով ընկել է Վրաստան: Հետևանքներ՝ չի մրսում, կուշտ է, ավելի կուշտ է, խաղում է տեղացիների հետ:

Վրաստանի և Օսեթիայի մասին էլ է ամեն ինչ պարզ. երեխաներն ու մեծերն այսօր միևնույն շուկայում կարող են հանդիպել:

Հնդկացի երեխան Պակիստանում և պակիստանցին Հնդկաստանում դժվար թե մտահոգվելու առիթ ունենան: Հատկապես, որ Պակիստանում կա Սինդ նահանգ, որտեղ հիմա նույնիսկ գրանցում են հնդիկների ամուսնությունները:

Բայց ահա հայկական ազգանունով տղան, ով Բաքու է եկել ռուս մոր և ռուս խորթ հոր հետ, արտաքսվում է:

Հետո, երբ սկանդալն սկսում է աղմուկ հանել, ինչ-որ մեկը հայտարարում է, թե դա, իբրև թե, հենց «երեխայի անվտանգության համար է», ինչն առավել սուր հարցեր է առաջացնում: Օրինակ, մի՞թե 8-ամյա դպրոցականը կարող է այդ երկրում տուժել հենց միայն իր ազգանվան համար, անգամ՝ իր ռուս ծնողների աչքի առաջ: Եվ սա նմանատիպ միակ դեպքը չէ: Սա իշխող ռեժիմի բնութագիրն է: Վստահ եմ, որ շատ ադրբեջանցիներ իրենք էլ անհարմար են զգում այս իրավիճակի համար: Հետխորհրդային տարածքում շատ-շատ են խառնամուսնությունները: Շատ մարդիկ են հայկական կամ այլ ծագմամբ: Եվ ես հորդորում եմ իմ ռուս ընկերներին, ովքեր պատրաստվում են Բաքու գնալ խաղաղության վերաբերյալ խնդիրների և միջազգային համերաշխության մասին հերթական գիտաժողովին, ստուգել ծագումնաբանությունը: Թե չէ՝ ինչ ասես կարող է լինել 21-րդ դարում:

Վստահ եմ, որ այս միջադեպը, որպես Բաքվի իշխող ռեժիմի պետական քաղաքականության ցուցիչ, պետք է հաշվի առնվի և վերլուծվի բանակցային բոլոր հարթակներում ընթացիկ կոնֆլիկտի շրջանակներում»:

6167 | 0
Facebook