Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերնաշենի բնակիչները մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը խմելու ջրի խնդիր կառաջացնի

15:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Վերնաշենի բնակիչները մտավախություն ունեն, որ հանքավայրի շահագործումը խմելու ջրի խնդիր կառաջացնի

Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի բնակիչները որոշել են բողոքի ակցիա իրականացնել և պահանջել, որպեսզի Վերնաշեն և Գլաձոր գյուղերի միջնամասային տարածքում բազմամետաղային հանքավայր չկառուցվի: Գլաձորի բնակիչներից Մկրտիչ Սիմոնյանը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն սկսվել են «Վայկ Մետալ» ՍՊԸ-ի կողմից Գլաձորի բազմամետաղային հանքավայրի արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները:

Քննարկումների ընթացքում գյուղացիները պարզել են, որ հանքավայրի շահագործման դեպքում իրենք այլևս գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ չեն կարող զբաղվել. «Մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ է լինելու մեզ հետ, երբ այդ հանքավայրը շահագործեն: Գյուղում ամեն ինչ կվերանա, հանքի պատճառով նախևառաջ օդը կաղտոտվի, որը կնպաստի, որպեսզի հողագործությամբ չզբաղվենք»,- ասաց Մկրտիչը:
     Հանքավայրի շահագործման դեպքում, գյուղապետարանին 10 միլիոն գումար է հատկացվելու։ «Հանքի դիմաց մենք մեր խնձորի այգիներն ենք տալիս, ինչի հետ համաձայն չենք: Մեր հողերը կկորցնենք, դրանց դիմաց եթե գումար էլ տան, ապա այնքան չնչին կլինի, որ մեր կարիքները չենք կարողանա հոգալ: Իսկ խնձորի վաճառքից մենք բավականին գումար ենք աշխատում և չենք դժգոհում»,- ասաց մեր զրուցակիցը:
     Գյուղացիներին վրդովեցրել է հատկապես այն հանգամանքը, որ հանքավայրը բացում են մի հատվածում, որտեղից ջրագիծ է ացնում. «Մենք վախենում ենք, որ հանքի շահագործումից հետո խմելու ջրի խնդիր կունենանք, չի բացառվում, որ թափոնները լցվեն ջրագծի մեջ և այն այլևս խմելու համար պիտանի չլինի»: Գյուղացիները տեղեկացրին, որ իրենք նամակով դիմել են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին՝ կոչ անելով վերջ դնել Վերնաշենը ոչնչացնելու ծրագրին։«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոն»-ի աշխատակիցներից Անի Համբարձումյանը հակիրճ պատասխանեց, որ աշխատակիցներն այս պահին ուսումնասիրում են գյուղացիների բարձրացրած խնդիրը:

3225 | 0
Facebook