Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Մեծի 3-րդ նրբանցքի բնակիչները պնդում են` իրենց բնակարանները վթարային են դարձել «Սիլաչի» հյուրանոցը մեծացնելու նպատակով տարվող շինարարության պատճառով

13:05, երկուշաբթի, 30 մայիսի, 2016 թ.
Տիգրան Մեծի 3-րդ նրբանցքի բնակիչները պնդում են` իրենց բնակարանները վթարային են դարձել «Սիլաչի» հյուրանոցը մեծացնելու նպատակով տարվող շինարարության պատճառով

Տիգրան Մեծ պողոտայի 3-րդ նրբանցքում, «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ գտնվող սեփական տան բնակիչներից Արտաշես Գրիգորյանը ցույց է տալիս պատերի և առաստաղի ճաքերը և նշում, որ դրանք առաջացել են վերջին ամիսներին տարածքում տեղի ունեցող շինարարության պատճառով: Բնակիչներն ահազանգում են, որ «Սիլաչի» հյուրանոցը մեծացնելու նպատակով իրականացվող շինարարության պատճառով, իրենց տները դարձել են վթարային: «Օր-օրի, ժամ ժամի այս ճաքերը մեծանում են: Բերեցին, էս փոքր տեղում էքսկավատորով փորեցին, ամբողջ փողոցում սողանք եղավ, դրա հետևանքով էլ իմ տան պատերը ճաքել են: Հիմա էլ նեղ տարածքում կռան են աշխատացնում, որի պատճառով տունն ամբողջ օրն իրար է գալիս, մեզ թվում է, թե երկրաշարժ է տեղի ունենում, բա որ փուլ գա, ո՞վ է պատասխան տալու: Պատերը ճաքել են, հատակը թեքվել է, նման պայմաններում ապրելը վտանգավոր է դարձել»,-MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնակիչներից Արտաշես Գրիգորյանը:


     Մյուսներն էլ հավելեցին, որ շինարարությունը տեղի է ունենում շինարարական մի շարք խախտումներով. «Օրենքով, տներից մի քանի մետր հեռավորության վրա պետք է շենքը կառուցվի, այնինչ այդ շենքն իմ տան պատին է կպած: Եթե նման շինարարություն էին անելու, ապա նախօրոք պետք է տարածքում գտնվող տները քանդեին, մեզ համապատասխան փոխհատուցումը տային ու մենք տեղափոխվեինք այդ տարածքից: Իսկ իրենք մեզ հետ չեն խոսել, տարածքից մի քանի տուն են գնել ու սկսել են շինարարությունը… Ինչո՞ւ իրենց պատճառով մենք պետք է նման ավերակների մեջ ապրենք»,- գանգատվում էին մեր զրուցակիցները: Բնակիչներից Վովա Համբարձումյանն էլ ցույց տվեց պատկան մարմիններին ուղարկած նամակների պատասխանները և ասաց, որ ըստ այդ փաստաթղթերի շինարարությունն իրականացվում է առանց խախտումների. «Շինարարության պատճառով մեր տները քանդվում են, թող քաղաքապետարանը համապատախան մարդկանց ուղարկի և ուսումնասիրություն կատարեն, թե ինչի պատճառով է մեր տանը ճաքեր առաջանում ու վերջնականապես մի լուծում գտնեն»:
     Տուժած բնակիչները պատմում էին, որ հյուրանոցի տնօրինության հետ ընդհանուր համաձայանության չեն կարողանում գալ. «Կա´մ պետք է անհապաղ շինարարությունը դադարեցնեն ու տները վերանորոգեն, կա´մ էլ` ընդհանուր համաձայնության գանք, մեր տները գնեն, մենք էլ թողնենք էստեղից գնանք»:
     Բնակիչների խոսքով, նշված բնակարանի ճաքերը տեսել են նաև կառուցապատող ընկերության ներկայացուցիչները, հյուրանոցի տնօրինությունը: Նրանք համաձայն չեն բնակիչների պնդումների հետ, թե դրանք առաջացել են շինարարական աշխատանքների հետևանքով:
     Հյուրանոցի տնօրինությունից մեր թղթակցին տեղեկացրեցին, որ պետք է համապատասխան մարմինները գան, որոշեն` արդյոք ճաքերը շինարարության հետևանքո՞վ են, թե՞ ոչ: «Մասնագետի որոշում պետք է լինի, որպեսզի հասկանանք, թե ինչն ինչոց է. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ կարող է աղմուկի պատճառով անհանգստություն պատճառենք, դա այլ հարց է: Բնակիչները քաղաքապետարան էլ են դիմել, ամեն տեղ բողոքում են, իրանց հետ հանդիպել ենք, խոսել ենք: Նրանք, ըստ երևույթին, ուրիշ ակնկալիքներ ունեն` ուզում են, որ մենք իրենց տները գնենք, քանի որ մի քանի տուն գնել ենք ու հիմա գնած տների տարածքում շինարարություն ենք իրականացնում, բայց մեզ այլևս տարածք հարկավոր չէ»,- ասաց «Սիլաչի» հյուրանոցի տնօրինության ներկայացուցիչ Արտաշես Թորոյանը:
     MAMUL.am-ի թղթակիցը վերոնշյալ հասցեի բնակիչներին հուզող խնդրով հարցում էր ուղարկել նաև Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությանը:
     Կառույցից, մեր հարցմանն ի պատասխան, տեղեկացրեցին, որ հյուրանոցային համալիրի ընդլայնման շինարարական աշխատանքներն իրականացվում են կառուցապատող «ԱՍՏՈՐԻԱ» ՍՊԸ-ի կողմից Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված շինարարության թույլտվության հիման վրա: Պատասսխանում նշվում է, որ հիշյալ նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բնակիչների կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված դեռևս 18.04.2016թ. հ.Կ-1042 դիմումով (պատասխան գրության պատճենը կցվում է) հարուցված վարչական վարույթի արդյունքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 20.04.2016թ. հ.19/Կ-1042 գրությամբ (պատճենը կցվում է), կառուցապատող՝ «ԱՍՏՈՐԻԱ ՀՈԹԵԼ» ՓԲԸ-ի տնօրենին իրազեկվել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի բ) ենթակետի պահանջի մասին, ինչպես նաև առաջարկվել է անհապաղ ձեռնարկել համապատասխան քայլեր՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.14 հասցեում գտնվող անշարժ գույքին պատճառվող հնարավոր վնասները (որոնք կարող են հիմնավորվել համապատասխան մասնագիտական եզրակացությամբ) սեղմ ժամկետում վերականգնելու ուղղությամբ և ապահովել Երևան քաղաքի ավագանու կողմից 16.03.2012թ. ընդունված «Քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի Երևանում իրականացման լրացուցիչ պայմանների կարգը սահմանելու մասին» թիվ 405-Ն որոշման պահանջները:
     Քաղաքապետարանը նշել է նաև, որ հիշյալ հասցեում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների կողմից լրացուցիչ կատարված ակնադիտական տեղատեսությամբ չի կարող հիմնավորվել այդ հասցեում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով՝ Տիգրան Մեծի պողոտայի 3-րդ նրբանցքի հ.14 հասցեում գտնվող անշարժ գույքին պատճառվող հնարավոր վնասների փաստական հանգամանքը, ավելին՝ նման եզրակացություն տրամադրելը՝ քաղաքաշինական գործունեության առումով, համարվում է լիցենզավորված գործունեություն (մասնավորապես խոսքը վերաբերում է տեխնիկական հետազննություն իրականացնելուն), այդ իսկ պատճառով էլ առաջարկվել է հարցին շահագրգիռ երկու կողմերին՝ հնարավոր վնասների փաստական հանգամանքները հիմնավորել համապատասխան մասնագիտական եզրակացությամբ, իսկ դրանք հիմնավորվելու դեպքում կողմերի միջև ընդհանուր փոխադարձ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, հարցը ենթակա է կարգավորման դատական կարգով, քանի որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն քաղաքաշինական գործունեության հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

6585 | 0
Facebook