Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռեալ»-ը՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր

01:40, կիրակի, 29 մայիսի, 2016 թ.
«Ռեալ»-ը՝ Չեմպիոնների լիգայի գավաթակիր
     Րոպեներ առաջ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2015/16 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը` «Ռեալ» - «Աթլետիկո» մրցավեճը։ Եզրափակչի մադրիդյան դերբիում ուժեղ գտնվեցին «Ռեալ»-ի ֆուտբոլիստները՝ հաղթանակ տոնելով 11-մետրանոց հարվածաշարում։ Հանդիպման 15-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, «Աթլետիկո»-ն հնարավորություն ուներ հավասարացնել խաղի հաշիվը։ Անտուան Գրիզմանը, փոխանցում կատարեց Ֆերնանդո Տորեսին, սակայն Պեպեն անհաջող գործեց և «Ռեալ»-ի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ «Աթլետիկո»-ի կիսապաշտպան Անտուան Գրիզմանը, սակայն բախտը ժպտաց «Ռեալ»-ին՝ Գրիզմանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։ 79-րդ րոպեին «Աթլետիկո»-ն հավասարացրեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ թիմի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։ Անզիջում պայքարում ընթացող հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի ընթացքում գոլեր չարձանագրվեցին։ Հաղթողի անունը թիմերը պարզեցին 11-մետրանոց հարվածաշարով։ Նյարդերի պայքարում հաղթող դուրս եկան Զինեդին Զիդանի սաները՝ 5։3 հաշվով առավելության հասնելով Դիեգո Սիմեոնեի սաների նկատմամբ։ Այսպիսով, «Ռեալ»-ը, պատմության մեջ 11–րդ անգամ, հաղթեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում։
4055 | 0
Facebook